Գիտություն Գլխավոր Հայաստան 

Սա մեծ ներուժ է. Վիգեն Սարգսյանը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների մասին

analitik.am

Ամեն տարի ամռան այս շրջանում աշխարհի տարբեր կրթական կենտրոններից ու բուհերից Հայաստան են վերադառնում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները։ Նրանք հավաքվում են և միասին իրականացնում հիմնադրամի կողմից ղեկավարվող ծրագրեր։ Այսօր կրթաթոշակառուները, շրջանավարտներն ու դիմորդները հավաքվել էին գիտելիքների փոխանակման նպատակով։ Նրանց հետ հանդիպման էին եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանը, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Լույս» կրթական խորհրդի անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Նրանք պատասխանեցին ուսանողների բազմաթիվ հարցերի՝ բազմաթիվ ոլորտների հետ առնչվող։

Լրագրողների հետ զրույցում  Վիգեն Սարգսյանը նշեց, որ «Լույս» հիմնադրամը ամենափայլուն  նախաձեռնություններից է, որի շնորհիվ երիտասարդությունը լավ կրթություն ստանալու հնարավորություն է  ստանում: Նա կարևորեց այն, որ գործում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհասփյուռ հայության համար։

«Այսօր տեսնում ենք լսարան, որտեղ նստած են աշխարհի լավագույն  բուհերում ուսանած հարյուրավոր հայ երիտասարդներ: Վստահ եմ, որ սա հսկայական ներուժ է մեր պետության համար՝ առաջ շարժվելու համար, ինչպես նաև զարգացնելու համար թե՛ տնտեսությունը, թե՛ պետական կառավարման համակարգը: Սա իրոք շատ ոգեշնչում է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում երիտասարդության մասնակցությունը երկրի զարգացմանը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ինչպես սովորաբար երիտասարդները մասնակցում են ցանկացած գործընթացի։ Իրենք ստանալու են լավ ուսում, ձեռք են բերելու ակտիվ հասարակական դիրքորոշում և հուսամ, որ, Հայաստան վերադառնալով, կարողանալու են գտնել իրենց տեղը մասնագիտական կյանքում։ Ես այսօր տեսա մի քանի հարյուր պայծառ հայացքներ, մարդկանց ովքեր ունեն այդ ոգեշնչումը»:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն տարի Հայաստան վերադարձած ուսանողները ներգրավվում են ծրագրերում: Այս տարվա ծրագրի թեման առնչվում է Հայաստանը աշխարհի լավագույն կրթական կենտրոններից մեկը դարձնելու խնդրի հետ:

«Մենք  դիտարկում ենք Հայաստանը որպես կրթության հանգրվան: Եվ պետք է ասեմ, որ վերջին տարիներին կրթական դաշտը զարգացում է ապրել. տարածվել են «Թումոյի» կենտրոնները, «Այբ» դպրոցը, «Ավետիսյան» դպրոցը, Դիլիջանի միջազգային դպրոցը: Սրանք նպաստում են կրթության զարգացմանը: Մենք էլ ուսանողներին ուղարկում ենք աշխարհի տարբեր լավագույն կենտրոններ, որպեսզի հավաքեն գիտելիք և բերեն Հայաստան»,- ասաց նա:

Ժաքլին Կարաասլանյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանը հնարավորություն ունի զարգացնել տարբեր նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք կզբաղվեն կոնկրետ խնդիրներով: «Տնտեսության այս ձևը նոր է և պահանջարկ ունի ողջ աշխարհում»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ հիմնադրամի կրթաթոշակառուները պետք է կարողանան աշխատել նաև այս ուղղությամբ:

Մինչ այդ, ուսանողները ներգրավվելու են համայնքների զարգացման ծրագրում, հասկանալու, թե որ համայնքը ինչ խնդիր ունի և ինչպես դրանք կարելի է լուծել: «15 հոգանոց խմբերով մեկնելու ենք տարբեր համայնքներ և կբացահայտեն դրանց ինչպես հարստությունը, այնպես էլ խնդիրները և թե ինչպես պետք է դրանք զարգացնել»,- ասաց նա:

Նույն շարքից