Հասարակություն 

Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ պահանջները կատարված չեն. Դավիթ Սանասարյանը

analitik.am

Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հայտարարություն ընթերցեց:

«Երկու շաբաթ է,  փողոց դուրս գալով, փորձում ենք ապացուցել, որ վճռական ենք ու կանգնելու ենք մինչև հաղթանակ: Այս օրերին իշխանություններն ուժ կիրառեցին, սադրանքներ հրահրելով՝ փորձեցին արժեզրկել շարժումը, ցույց տալ, որ այս ամենն ինքնանպատակ է դարձել: Չնայած դրան, Հայաստանի քաղաքացին կանգնած է բարիկադների մատույցներում: Այս ընթացքում պարապ չենք մնացել: Քննարկել ենք քայլեր, որ ձախողում չգրանցենք: Քայլերը որոշելու են ՀՀ հպարտ քաղաքացիները: Մենք պարտավոր ենք քայլեր իրականացնել, խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավեր նետող քայլեր: Իշխանությունները մեզ արհամարհում են, կասկածի տակ դնում մեր վճռականությունը: Մենք սկսում ենք վճռական փուլը»,- մասնավորապես նշեց Դավիթ Սանասարյանը:

«Դիմում ենք իշխանություններին: Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ պահանջները կատարված չեն: Դրա համար սպասում ենք մինչեւ  երկուշաբթի 21:00-ն: Սկսում ենք մեկ քայլ առաջ ակցիան: Ամեն նոր օրվա 21:00-ն եթե չենք ստանում մեր պահանջները՝ մեկ քայլ առաջ ենք գնում՝ դեպի Բաղրամյան 26:  Կրկնում ենք  մեր պահանջները՝ չեղարկել սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը, պատժել լրագրողների և ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ոստիկաններին, վերանայել այսօրվա սակագինը: Ուրախ ենք, որ երգեցինք, պարեցինք, ընթերցեցինք, բայց դեռ կա պայքար: Մեր ուրախ օրերն առջևում են»,- հայտարարության մեջ  նշեց Դավիթ Սանասարյանը:

Նույն շարքից