Հասարակություն 

Բիշարյանի «խոսնակը»՝ քաղաքապետի թեկնածու

analitik.am

Դեկտեմբերի 6-ին քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում: Հրազդանն, իհարկե, նախկին արդյունաբերական քաղաքը չէ, բնակչությունն էլ, ինչպես մյուս քաղաքներում, նվազել է, այնուհանդերձ, ունի կարևոր նշանակություն և հանդիսանում է երկրի հանգուցային քաղաքներից մեկը: Ուստի, այստեղ միշտ էլ քաղաքապետի ընտրույթունները եղել են ինտրիգային, լարված, մանավանդ, երբ մասնակցել է ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, որը հանդիսանում է ընդդիմադիր գործիչ և ունի որոշակի ընտրազանգված այս քաղաքում: Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Սասուն Միքայելյանը դարձյալ առաջադրվելու է, ու, եթե գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը չառաջադրվի՝ մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ ունեցած անհաշտությունների պաշտճառով, ապա ընտրությունների ֆավորիտը կարող է դառնալ հենց Սասուն Միքայելյանը: Ու մինչ քննարկվում են Արամ Դանիելյանի առաջադրման հետ կապված հարցեր, ՕԵԿ-ն արդեն մտադրություն է հայտնել Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրել կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանին: Սա, իհարկե, ՕԵԿ-ի կայացրած որոշումներից ամենազավեշտականն է, որովհետև նշյալ անձը ՕԵԿ-ում չի ընկալվում որպես կարևոր ֆիգուր, չի հանդիսանում կուսակցության հենարաններից մեկը, չունի քաղաքական կենսագրություն: Այս երիտասարդին կուսակցությունում սատարում է միայն Հեղինե Բիշարյանը, և, պատահական չէ, որ նրան հենց այդպես էլ՝ բիշարյանական կադր են ընդունում բոլորը՝ շատ հաճախ խոսելով նրա գրագիտության, քաղաքական պատրաստվածության և այլնի մասին: Ժամանակ առաջ բացահայտվեց, որ այս երիտասարդը կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անունից իրականությանը չհամապատասխանող ու սուտ լուրեր է տարածում, ոմանց բացատրություններ տալիս հենց ՕԵԿ առաջնորդի անունից: Զավեշտալին այն է, որ անգամ խոսնակի գործը տապալած երիտասարդը, հիմա էլ պատրաստվում է յուր կուսակցությանը դարձնել ծիծաղի առարկա՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին: Եվ հիմա ՕԵԿ-ը պատրաստվում է հենց նրան առաջադրել Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Մշտապես Երևանում գտնվող, Հրազդանի հետ որևէ առնչություն չունեցող, գործադիր իշխանությունում չաշխատած, կառավարման փորձ չունեցող այս երիտասարդն ինչպե՞ս է Հրազդանի նման բարդ քաղաք կառավարելու՝ ոչ ոք չգիտի: Պարզապես Հեղինե Բիշարյանը մի գիշեր քնել ու երազում տեսել է, որ հովանավորյալը պիտի քաղաքապետ դառնա: Այսինքն, իշխանությունը կլոունադայի վերածման գործում ՕԵԿ-ը նույնպես կամենում է հիմնավոր մասնակցություն ունենալ:

Լևոն Մութաֆյան

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Նույն շարքից