Ամենաընթերցվածներ Վերլուծական 

Երևանի քաղաքապետարանն արդյոք 40 միլիոն դրամ է ծախսում PR-ի վրա.Ուսումնասիրության արդյունքներ

analitik.am

Այսօր կայքերից մեկն անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի կողմից PR-ի վրա ծախսվող գումարներին՝ մասնավորապես նշվել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեկան 40 միլիոն ՀՀ դրամ   է ծախսում իր PR-ն իրականացնելու համար: Analitik.am-ը փորձեց պարզել, թե ինչքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Կայքում նշված էր, որ Երևանի վարչական շրջանների ՖԲ էջերը վարելու համար մարդիկ գումարներ են ստանում քաղաքապետարանից: Մենք նախ կապ հաստատեցինք այդ էջերը վարող անձանց հետ և պարզվեց, որ տվյալ գործունեության համար նրանք գումար են ստանում վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ինչպես գիտենք, Երևանի վարչական շրջանները բյուջե չունեն, ուստիև նրանց վճարներն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարն իր անձնական միջոցներից: Բնական է, որ ծիծաղելի կլիներ կարծել, թե ՖԲ էջերի վարման նպատակը Տարոն Մարգարյանի PR-ի ապահովումն է, քանզի այդ էջերում հիմնականում դրվում են այն տեղեկությունները, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են բնակիչներին, ինչպես նաև արտացոլում են վարչական շրջանի ղեկավարի աշխատանքները: Չենք կարծում, թե կա որևէ օրենք, որն արգելում է վարչական շրջանի ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացնել իրենց կողմից ղեկավարվող վարչական շրջանի PR-ը: Սա նույնիսկ լավ է, քանզի մրցակցային միջավայր է ապահովում, և յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավար ձգտում է լինել լավագույնը:

Կայքն անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանին, ով ըստ իրենց, համակարգում է ՖԲ-ում գործող կեղծ էջերը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կեղծ էջեր կոչվածները, որոնք Երևանի քաղաքապետի դեմ արված հրապարակումներին միշտ արձագանքում են, կենդանի մարդիկ են, ովքեր ունեն բավականին դրական վերաբերմունք Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի նկատմամբ: Նրանցից ոմանք ինչ-որ խնդիրներ են ունեցել, որոնց արագ արձագանքել է քաղաքապետարանը, մի մասն ուղղակի համակրում է Տարոն Մարգարյանին, մյուս մասն աշխատում է Երևանի քաղաքապետարանում, և բնական է, որ պետք է միանգամից արձագանքի վատ հրապարակումներին՝ զուտ աշխատանքային էթիկայից ելնելով: Եթե ՀՀ օրենքներով հակաօրինական է դրական մեկնաբանություններ գրելը կամ պարտադիր դա պետք է արվի գումարի դիմաց, ապա հասարակական պատասխանատվության ենթարկենք այդ մարդկանց, որ առանց շահի դրական մեկնաբանություններ են գրում:

Մենք անդրադարձանք այդ հրապարակմանը, քանզի բավականին խոշոր գումար էր նշված՝ տարեկան 40 միլիոն ՀՀ  դրամ, սակայն մեր  որևէ ապացույց գտնելու համառ փորձերը ձախողվեցին:

Ի դեպ, Երևանում իրականացվող տուրիզմի ոլորտին վերաբերող միջոցառումների հաճախականությունից միայն կարելի է ենթադրել, որ Մարիա Բարաղամյանն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէր լինի զբաղվել նաև Տարոն Մարգարյանի PR-ով, առավել ևս, որ դրա կարիքը չկա էլ. Լրատվական ոլորտում գործող բոլոր պրոֆեսիոնալները գիտեն, որ լրատվության և հասարակության հետ կապերի հարցերով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որը լիարժեք կարողանում է իրականացնել իր բոլոր գործառույթները՝ այդ թվում նաև սոցիալական ցանցերում:

Հ.Գ. Երևանի քաղաքապետարանում բազմաթիվ այլ, շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց պետք է անդրադառնալ, ուստի խորհուրդ կտանք նորահայտ կայքերին, որոնք ցանկանում են ինտեգրվել ՀՀ լրատվական դաշտ, լուրջ հարցերի անդրադառնան, այլ ոչ թե սև կատու փնտրեն մութ սենյակում՝ առավել ևս, երբ սենյակում կատու չկա:

Նույն շարքից