Գլխավոր Մամուլի ակումբ 

Եթե ամերիկյան քսուքի վրա գրված է SPF-15, հաշվի առեք, որ դա համապատասխանում է եվրոպական SPF-10-ին. մաշկաբան

analitik.am

Այսօր Անալիտիկ ակումբի հյուրն էր մաշկաբան Կարեն Վարդանյանը:

Բանախոսի խոսքով՝ արեւապաշտպան միջոցների վրա հնարավոր է տեսնել նմանատիպ գրություններ՝ SPF-15  կամ, օրինակ, SPF-30։ Ի՞նչ են նշանակում այդ գրությունները։ Նման գրություններով քսուքներն ու լոսյոնները որքա՞ն են մեզ պաշտպանում արեւի վնասակար ազդեցությունից։

Ինչպես բացատրել է մաշկաբան Կարեն Վարդանյանը, այդ գրությունները ցույց են տալիս, թե արեւապաշտպան միջոցը որքան երկար կարող է պաշտպանել մաշկը առաջին աստիճանի այրվածքներից։ Բնականաբար, SPF-30-ը չի նշանակում, որ նման քսուքով կարելի է 30 րոպե մնալ արեւի տակ։ Որպեսզի պարզենք այն ճշգրիտ ժամանակը, որի ընթացքում քսուքը պաշտպանություն է ապահովում, պետք է SPF –ի ցուցիչը բազմապատկել այրվածք ստանալու ցուցիչով։ Միջին վիճակագրական մարդկանց մոտ այդ ցուցիչը  -10 է։ Այսինքն, եթե քսուքը SPF-30 է, անհրաժեշտ է 10-ը բազմապատկել  30-ով։ Կստացվի, որ այդ քսուքով կարելի է արեւի տակ 300 րոպե անցկացնել։

Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, թե որտեղ եք։ Օրինակ՝ Սեւանի ափին այրվածք ստանալն ավելի հեշտ է, քան Սեւ ծովում, դրա համար էլ Սեւանում 10-ի փոխարեն, նախընտրելի է ավելի ցածր ցուցիչ ընտրել եւ ավելի հաճախ քսել քսուքը։

Իմիջիայլոց, մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նրան, թե որտեղ է արտադրված արեւապաշտպան միջոցը, որը պատրաստվում եք օգտագործել։ Եթե ամերիկյան քսուքի վրա գրված է SPF-15, հաշվի առեք, որ դա համապատասխանում է եվրոպական SPF-10-ին։

Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ հաշվի առնել, որ եթե SPF-10—ի երեք շերտ քսեք, դա բոլորովին չի ապահովի նույն պաշտպանությունը, ինչ SPF-30-ը։

Նույն շարքից