Ամենաընթերցվածներ Գլխավոր Իրավական Հասարակություն Վերլուծական 

Ինչո՞ւ հայերը չեն կարող  Ռուսաստանում անվտանգ ապրել և գործել

analitik.am

Սույն թվականի հուլիս ամսին ՌԴ-ում ձերբակալվել, այնուհետև երկու ամսով կալանքի տակ է վերցվել ազգությամբ հայ Արամ Սուվարյանը: Վերջինս բավականին երկար ժամանակ  բնակվել և ակտիվ գործունեություն է ծավալել  ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում՝ ձերբակալման պահին էլ զբաղեցրել է Նովոսիբիրսկի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը:

Նախ մի փոքր անդրադարձ կատարենք Սուվարյանների ընտանիքի՝ մասնավորապես Արամ Սուվարյանի քաղաքական և հասարակական գործունեությանը: Ազգությամբ հայ այս գործիչը մի շարք պաշտոններ է զբաղեցրել, Կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ է եղել, մշտապես հանդես է եկել հասարականպաստ օրենսդրական նախագծերով և հասարակության կողմից բարձր գնահատականի է արժանացել: Դա փաստելու համար բավարար է միայն ներկայացնել այն շնորհակալագրերը, որոնք ստացել է Արամ Սուվարյանը՝ մանկապարտեզի վերանորոգումից մինչև Նովոսիբիրսկի ոստիկանությանն անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար:

Սուվարյանների ընտանիքի ֆինանսական կարողության մասին մի շարք հրապարակումներ են եղել ռուսական մամուլում, որոնց համաձայն նրանք տնօրինում են ամենամեծ քաղաքային շուկաներից մեկը, որը տարեկան մոտ 3 մլրդ. դոլար եկամուտ է բերում: Վերոնշյալ հրապարկումներից մեկում էլ հատուկ շեշտվում էր, որ շուկան պատկանում է հայերին՝ կարծես թե ակնարկելով, որ հայերն արդեն հարստանալու ՛՛չափն անցնում են ՛՛ ՌԴ-ում: Հաղորդումը եթեր է հեռարձակվել սույն թվականի փետրվար ամսին, որից ընդամենը մի քանի ամիս անց ձերբակալում են Արամ Սուվարյանին՝ առաջադրելով մեղադրանք, որի համաձայն իբր թե նա 2 մլն ռուբլի կաշառք վերցնելու մտադրություն է ունեցել: Զարմանալի է միայն, թե Սուվարյանի ինչի՞ն էր պետք այդ 2 միլիոն ռուբլին այն դեպքում, երբ նույն ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նրա ընտանիքը տարեկան մոտ 3 միլլիարդ եկամուտ ունի: Ինչևէ, համարենք, որ չենք վիճարկում Սուվարյանի մեղավորությունը, աչք ենք փակում այն հանգամանքի վրա, որ նրան ձերբակալելու պահին անգամ մեկ հատ իրեղեն ապացույց չի եղել,  որպես հիմք հանդիսացել է ինչ-որ մեկի խոսքը (Սուվարյանի անմեղության մասին փաստող այս և այլ մանրամասներից տեղեկանում ենք նրա հոր՝ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին գրած նամակներից): Սակայն նույնիսկ եթե Սուվարյանն իրոք կաշառք վերցնելու մտադրություն է ունեցել, դա թույլ չի տալիս որևէ մեկին՝ առավել ևս ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, նման  անմարդկային վերաբերմունք ցուցաբերել հայի՝ առհասարակ մարդու նկատմամբ:

Միշա Սուվարյանի՝ Արամի հոր, գրած նամակներից պարզ է դառնում, որ ձերբակալելուց հետո Արամի նկատմամբ կիրառվել են անմարդկային բռնություններ՝ նախ նրան ծեծի են ենթարկել ՌԴ ԱԱԾ  երեք աշխատակիցներ , որից հետո ֆելդշերը ցանկացել է արյան և թքի նմուշներ վերցնել: Հետաքրքիր է նաև այն, թե ինչո՞ւ են կաշառքի հոդվածով մեղադրյալից մատնահետքերի և նմանատիպ այլ նմուշների փոխարեն, արյան և թքի նմուշներ վերցնում:  Սակայն դա այնքան էական չէ, ինչքան նմուշներ վերցնելու ՌԴ իրավապահ ներկայացուցիչների կողմից կիրառված անօրինական գործողությունները. Երբ  ֆելդշերն ասել է, թե չի կարող այդ պայմաններում արյան նմուշ վերցնել, քննիչն ասել է, որ դադարեցնեն քննչական գործողությունները, սակայն Արամ Սուվարյանին ծեծի ենթարկած ՌԴ ԱԱԾ աշխատակիցները սկսել են ավելի դաժանությամբ նրան ծեծել՝ հայտարարելով, թե ստիպելով կվերցնեն արյան նմուշ: Նրան սկսել են խեղդել, հատակին են գցել և շարունակել են ծեծել, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը: Սուվարյանին ծեծի ենթարկելու ընթացքում բազմաթիվ անգամներ ասեղով ծակել են նրա մարմինը՝ փորձելով արյուն վերցնել: Այս ամբողջ դաժանությունները տեսագրված են, սակայն ՌԴ իրավապահ մարմիններն մեզ անհայտ պատճառներով աչք են փակում դրա վրա՝ անպատիժ թողնելով  անօրինական գործողություններ կատարած իրենց աշխատակիցներին:

Գուցե ՌԴ իրավապահ մարմինների այս գործողությունները պայմանավորված են նրանով, որ ի սկզբանե Սուվարյանին որպես մեղադրյալ ներգրավվելը պատվեր է եղել, չենք կարող պնդել, սակայն այս կարծիքը շրջանառվել է նաև ռուսական որոշ ԶԼՄ-ներում: Սուվարյանին քրեական գործի մեջ ներքաշելու երկու պատճառ է շրջանառվում.

Առաջին՝ նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Կոմունիստական կուսակցությանը, որը Նովոսիբիրսկ քաղաքում, ինչպես նշեցինք, հաղթել է ՛՛Եդինայա Ռոսսիյա՛՛ կուսակցությանը, որն էլ բնականաբար դուր չի գալիս ՌԴ իշխանություններին: Սուվարյանին քրեական գործի մեջ ներքաելով իշխանություններն էականորեն թուլացնում են Նովոսիբիրսկում կոմունիստական կուսակցության դիրքերը, քանզի հայտնի է, որ Սուվարյանների ընտանիքը մեծապես աջակցում է այդ կուսակցությանը:

Երկրորդ՝ Սուվարյանը ձեռնամուխ էր եղել Նովոսիբիրսկի հասարակական տրանսպորտի բարեփոխումների լրջագույն ծրագրի իրականացմանը, որն իրականացնելու դեպքում վնասվում էր որոշ մարդկանց բիզնես շահեր:  Այս դեպքում էլ Սուվարյանն ուղղակի խանգարում է որևէ խոշոր օլիգարխի, ով որոշել է նման կերպ հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Երկու դեպքում էլ կարելի է արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակից են, ՀՀ-ն այժմ անդամակցում է ԵՏՄ-ին, ինչը ենթադրում է, որ ազգությամբ հայերը պետք է ավելի հանգիստ լինեն իրենց կյանքի, բիզնեսի և առհասարակ գործունեության համար ՌԴ-ում, քան , ասենք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, միևնույն է ՌԴ-ում դեռևս կա քաղաքական հետապնդում և հանուն խոշոր բիզնես շահերի մարդիկ կարող են թքած ունենալ իրենց եղբայր ժողովրդի վրա և վնաս հասցնել դրա ներկայացուցիչներին, ովքեր տարիներ շարունակ աշխատել և ծաղկեցրել են իրենց երկիրը՝ ստանալով մի շարք շնորհակալագրեր նույն երկրի տարբեր կառույցներից:

Արամ Սուվարյանի ձերբակալությունը և նրա հանդեպ ՌԴ իրավապահ մարմինների անմարդկային վերաբերմունքը մտահոգիչ է, քանզի փաստում է, որ ՌԴ-ում դեռևս կա հայերի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք, ինչի համաձայն հայերն արժանի չեն ՌԴ-ում լրջագույն հաջողությունների հասնելուն և այսպես ասած, նրանց դեմն առնել է պետք:  Պերմյակովի նման ռուս  հանցագործին, ում հայ ազգը կարող էր ուղղակի կախաղան հանել, որևէ մեկը մատով չկպավ, բայց հային, ում մեղավորությունը դեռ հաստատված էլ չէ, մեզ եղբայր համարվող ռուս ազգի իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոչ միայն որպես մարդ են նվաստացնում, այլ նաև խախտում է բոլոր հնարավոր օրենքներն ու միջազգային նորմերը: Ժամանակն է, որ ՌԴ-ն փոխի իր վերաբերմունքը թե հայ ազգի, թե առհասարակ մարդկության նկատմամբ՝ որդեգրելով եթե ոչ ժողովրդավարական, ապա գոնե համամարդակային արժեքային համակարգ:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed

 

Նույն շարքից