Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական 

Կենտրոնական Ասիան՝ անջատողականների ակտիվացման բնօրրան

analitik.am

Վերջին շրջանում Կենտրոնական Ասիայում սնկի նման աճում են տարաբնույթ անջատողական ուղղություններ, իսկ եթե հավատալու լինենք լրահոսին, ապա տարածաշրջանի շուրջ 4000 քաղաքացիներ Սիրիայում ու Իրաքում մարտնչում են ահաբեկչական խմբավորումների շարքերում:

Այս ֆոնին շարունակում ու գնալով շիկանում է լարվածությունը Ռուսաստանի ու Միացյալ նահանգների միջեւ: Երկու տերությունները, խոստովանելով ահաբեկչական սպառնալիքի ուժգնացումը, շարունակում են այս կամ այն կենտրոնաասիական երկրներին տրամադրել ռազմական օժանդակություն, ինչն ընդհանուր առումով ավելի է շիկացնում իրավիճակը տարածաշրջանում:

Ներկայումս Կենտրոնական Ասիայում գոյություն ունի երկու շրջան, որտեղ ահաբեկչական կազմավորումները կարող են օգտվել հարաբերությունների ու իրավիճակի սրացումից:
Առաջին հերթին դա Ֆերգանայի հովիտն է, որ ընկած է Տաջիկստանի, Ուղբեկստանի ու Ղրղստանի սահմանգոտում: Վերոհիշյալ շրջանում իրավիճակի ապակայունացման պայմաններում կխարխլվեն արեւմտյան երկրների դիրքերը:

Անկայունության երկրորդ օջախը Տաջիկստանի ու Թուրքմենիայի՝ Աֆղանստանին հարակից սահմանային տարածքներն են:
Անկայունության պայմաններում, ճգնաժամը կարող է սպառնալ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի անվտանգությանը:
Ֆերգանայի հովիտը, որը գտնվում է Տաջիկստանի, Ուղբեկստանի ու Ղրղստանի տերիտորիայում, վերջին երեք տասնամյակներում հանդիսացել է Արեւմուտքի արեւելագետների ուսումնասիրության օբյեկտ, որոնց ուսումնասիրություններում առաջ է քաշվում տարբերակ, որ վերոհիշյալ տարածաշրջանի ապագան շատ մշուշոտ ու անկանխատեսելի է:

Ֆերգանան համարվում է տարածաշրջանի ամենախիտ բնակեցված շրջանը: Էթնիկ խայտաբղետ կազմը, հողահանդակների ու ջրային ռեսուրսների սակավությունը, ազգային բազմաթիվ ու բազմադարյա հակամարտությունները, կրոնական անջատողականության աճը, սահմանային կոնֆլիկտները, թմրավաճառությունը, տեղի իշխանությունների անհեռանկարային քաղաքականությունն ու տարբեր հատուկ ծառայությունների ակտիվ գործունեությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ու ահաբեկչական սպառնալիքի աճի համար:

Նման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումից առաջին հերթին կտուժեն Արեւմտյան երկրները:
Արեւմտյան ընկերությունները խոշոր ներդրումներ են կատարել Ուզբեկստանի նավթաարդյունաբերական, նավթավերեմշակման ու գազի արդյունահանման ոլորտում:

Աֆղանստանից արեւմտյան կալիցիայի զինված ուժերի դուրսբերումից հետո Ֆերգանայի հովիտը կարող է վերածվել երկրորդ Պակիստանի, այսինքն՝ տարաբնույթ արմատական անջատողականների ու ահաբեկչական խմբավորումների բազայի: Ներկայումս տարածաշրջանում իր դիրքերն է ամրապնդում Ուզբեկստանի իսլամական շարժումն, որ ամերիկացիների պնդմամբ՝ ռեալ օժանդակություն է ստանում Ռուսաստանից: Ֆերգանայի ճակատագիրը կախված է այն հանգամաքից, թե պաշտոնական Տաշքենդը ինչպիսի կողմնորոշում կունենա, կնախընտրի Ռուսաստանին, թե՞ Արեւմուտքին:

Եթե Ուղբեկստանը ընտրի երկրորդ տարբերակն, ապա Ֆերգանայի հովիտը կվերածվի Արեւմուտքի ու Արեւելքի շահերի բախման կենտրոնի ու իրավիճակը կհիշեցնի Ուկրաինական սցենարը:
Ֆերգանայի իրավիճակի ապակայունացումը զգալիորեն պայմանավորված է Ուզբեկստանի կառավարության գործողություններով:
Ներկա պայմաններում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին հաջողվում է վերահսկել իրավիճակը, իսկ առողջական խնդիրներ ուզբեկ լիդերը դեռեւս չունի: Ուստի, գուցե, այս հանգամանքով է պայմանավորված իրողությունն, որ Պենտագոնը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Ուզբեկստանին տրամադրել է 154,16 միլիոն դոլարի 328 զրահամեքենա:

Իր հերթին Ռուսաստանը ուշադրությամբ հետեում է տաջիկա-աֆղանական սահմանագծին ծավալվող իրադարձություններին: Ներկայումս Հյուսիսային Աֆղանստանի՝ Կենտրոնական Ասիայի հետ սահմանային շրջաններում նկատելի է զանազան ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻՊ գրոհայինների կուտակումներ:
Մասնավորապես աֆղանական Բադաշխան պրովինցիայում գործող գրոհայինները հավատարմության երդում են տվել ԻՊ խմբավորմանը:
Տաջիկական սահմանին կենտրոնացել են շուրջ 5, իսկ Թուրքմենիայի սահմանին՝ 2 հազար գրոհայիններ:

Ռուսաստանը առաջնորդվելով կոլեկտիվ անվտանգության պայմանագրից, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի ամեն ինչ՝ իր ստրատեգիական դաշնակիցների անվտանգությունը ապահովելու համար:
Այս ֆոնին Ռուսաստանը սահմանին կենտրոնացնում է նոր ռազմական սարքավորումներ, ինչպես նաեւ անօդաչու սարքեր, հրետանային համակարգեչ, տանկեր ու դիպուկահարներ:

Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից