Հասարակություն 

Սերժ Սարգսյան. «Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին»

analitik.am

Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, եւ մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան եւ լավ տպավորություններով հեռանան տուն: Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 22-ին Ծաղկաձորի մարզաբազայում անցկացվող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2007 թվականից անցկացվող հավաքներին մասնակցող 14-17 տարեկան պատանիները հետխորհրդային տարածքի ռազմամարզական եւ կադետական վարժարանների սաներ են:

Օգոստոսի 15-28-ը Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթ-հավաքը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցում են 12 երկրների ռազմամարզական եւ կադետական վարժարանների սաները:

Սերժ Սարգսյանը դիտել է ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի եւ Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը: Հավաքի մասնակիցները նախագահին են նվիրել Ռուսաստանում Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիք՝ մաղթանքով, որ այն հնարավորինս հաճախ դրվի Միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունելով նվերը՝ նշել է, որ այն թանկ է իր համար նաեւ այն պատճառով, որ իր ժամկետային ծառայությունն անցել է հենց Հարավային Ուրալում:

Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում մեր երկրի ղեկավարը խորհրդանշական է համարել, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:

«Այդ հաղթանակը շատ հարցերում հնարավոր է դարձել՝ ի շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, եւ բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլեւ ամեն ինչ անենք՝ շարունակելու համար այն ավանդույթները, որոնք եղել են եւ կան:

Պետք է երախտապարտ լինենք այն մարդկանց, ովքեր մտահղացել եւ իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ, որտեղ դուք կարող եք ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որտեղ կարող եք կիսվել գիտելիքներով եւ, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել: Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում կան շատ մարտահրավերներ, եւ դրանք հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: Դուք տարածողներն եք համամարդկային գաղափարների, հանուն որոնց պայքարել են մեր պապերն ու նախապապերը: Ես վստահ եմ, որ ե՛ւ դուք, ե՛ւ ձեր հասակակիցների մեծ մասը գնահատում են դա եւ ամեն ինչ կանեն, որպեսզի այդ բարեկամությունը, այդպիսի հարաբերությունները լինեն հավերժական: Այսպիսի հավաքները, իհարկե, հնարավորություն են՝ ձեռք բերելու նոր ընկերներ: Ցանկացած ընկերություն, ցանկացած համագործակցություն մշտական ջանքերի կարիք ունի եւ ուշադրություն ու հոգատար վերաբերմունք է պահանջում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հավաքի մասնակիցներին հաջողություններ:

Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը եւ մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան եւ լավ տպավորություններով հեռանան տուն:

Նույն շարքից