Գլխավոր Մամուլի ակումբ 

Արևելքն այժմ ավելի անկայուն է, քան մի քանի ամիս առաջ. Ալեքսանդր Իսկանդարյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Տարածաշրջանում իրադրությունը կտրուկ կերպով փոփոխվում է»,- ասաց քաղաքագետը:  Դա, ըստ նրա, նախևառաջ Իրան-Արևմուտք հարաբերությունների փոփոխությունն է, ինչը կբերի Իրանի դերակատարության փոփոխության:

«Երկրորդն այն է, ինչ կատարվում է Թուրքիայում»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գործնականում պատերազմ է տեղի ունենում: Արևելքն այժմ ավելի անկայուն է, քան մի քանի ամիս առաջ:

Իսկանդարյանի համոզմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը կտրուկ փոխում է Թուրքիան:

Տարածաշրջանային փոփոխությունների երրորդ պատճառը, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն են:

«Սա տեղի է ունենում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածության պայմաններում: Հայաստանն այնքան էլ մեծ հնարավորություններ չունի ազդելու դրանց վրա»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ այդուհանդերձ, Հայաստանը պետք է ուշադիր հետևի զարգացումներին և պետք է իր քայլերը կշռադատի:

Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում առաջխաղացման հասնելու Ադրբեջանի հնարավորությունը փաստացի հավասար է զրոյի: Այս մասին սեպտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ հայկական պետությունների շփման գծում իրավիճակը բավականին լարված է, բայց դուրս չի գալիս վերջին տարիների միտումների շրջանակից: «Նմանատիպ ակտիվությունն այսուհետ էլ կշարունակվի, կլինեն փոխհրաձգություններ, երբեմն էլ դիվերսիոն գործողություններ: Այս գործընթացները կանգնեցնել դժվար թե հաջողվի: Մյուս կողմից էլ անցումն ակտիվ ռազմական գործողությունների, իմ կարծիքով, անհնար է».- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Այս ամենը, շարունակել է քաղաքագետը, ուղեկցվում է  նավթի գների նվազման միտումով, սա շատ կարեւոր գործոն է, ու այն պետք է հաշվի առնել: «Իհարկե ակտիվությունը պայմանավորած է նաեւ Հայաստանում անցնող զորավարժություններով, գուցե նաեւ Սերգեյ Լավրովի ՝ Ադրբեջան կատարած այցով: Իսկ գլոբալ առումով ՝ նավթի գների անկումով»,- հավելել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին ՝ քաղաքագետը շեշտել է, որ «պատերազմը հաղթելն անհնար է, միջազգային համայնքը կկագնեցնի այն: Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց հարմար ու  օգտակար գործիք է ադրբեջանական կողմի համար.  այն աղքատությունն արդարացնելու միջոց է: Նման կոնֆիգուրացիայում պատերազմը բոլորովին պետք չէ»:

Նույն շարքից