Հիշում եմ և պահանջում 

Գդանսկում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

analitik.am

Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենտրոնական փողոցում պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում» թեմատիկ բացօթյա ցուցահանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրված նյութերով այդ ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Գդանսկի քաղաքապետարանը, Գդանսկի պատմության թանգարանը, Լեհ-հայկական հիմնադրամը և Գդանսկի հայ համայնքը: Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի սեպտեմբերի 26-ը: Նախատեսվում է, որ ցուցադրությունը կդիտեն շուրջ 50.000 մարդ: 2015 թվականի ապրիլի այդ ցուցադրությունը կազմակերպվել էր նաև Վարշավայի կենտրոնում:

Ցուցադրության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղելԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Լեհ-հայկական հիմնադրամի, Գդանսկի հայ համայնքի, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և հյուրեր:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես  են եկել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և դեսպան Ղազարյանը: Իր ելույթում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Գդանսկի քաղաքապետին և ցուցադրության մյուս կազմակերպիչներին՝ նշելով, որ 2015 թվականի ընթացքում Գդանսկում քաղաքապետի աջակցությամբ և մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արդեն երկրորդ միջոցառումն է կազմակերպվում: Այնուհետև արարողության մասնակիցները ծանոթացել են ցուցադրությանը ներկայցված նյութերին:

 

Նույն շարքից