Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը

analitik.am

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր ճանաչելու եւ այդ հանցագործությունը կանխարգելելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձևը:

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Հպարտությամբ, պատվի եւ պարտավորվածության զգացումով է, որ Հայաստանը ներկայացնում է այս բանաձեւի նախագիծը: Այս նախագիծը ներկայացված է նաեւ մեր համահովանավոր երկրների անունից, որոնց Հայաստանը խորապես շնորհակալ է: Այս բանաձեւը հաջորդում է Հայաստանի կողմից նախաձեռնված և Մարդու իրավունքների խորհրդում այս տարվա մարտ ամսին ընդունված մեկ այլ փաստաթղթի, որի 22-րդ կետը կոչ էր արել Գլխավոր Ասամբլեային հռչակել այսպիսի (հիշատակի) Միջազգային օր»:

«Միավորված ազգերի կազմակերպությունը իր անդամների եւ ամբողջ համակարգի միջոցով պետք է ցուցադրի իր կարողությունը համատեղ գործողությամբ այս անմարդկային հանցագործությունից աշխարհը վերջնականապես ազատելու նպատակով: Գործիքներից եւ կառույցներից ավելի կազմակերպությունը ամուր կամք ցուցադրելու կարիք ունի: «Այլեւս երբեք» արտահայտությունը պետք է կրկնվի միայն մեկ եւ վերջին անգամ», - իր հայտարարության մեջ ասել է դեսպան Մնացականյանը:

Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի առաջնորդությունը եւ ջանքերը մոտ 80 երկրների աջակցությամբ այս բանաձեւը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում ընդունելու կապակցությամբ: Սեպտեմբերի 11-ին ընդունված բանաձեւը վերահաստատում է 1948թ Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ բանաձեւում ներառված երկրների պարտավորվածությունը՝ հիշատակելու ցեղասպանությունների զոհերին ապագայում այս հանցագործության կրկնությունը կանխարգելելու նպատակով:

Նույն շարքից