Գլխավոր Մամուլի ակումբ 

Սննդամթերքի անվտանգության պետ. ծառայությունում ավելի շատ սուրճ են խմում, քան գործ անում. Բաբկեն Պիպոյան

analitik.am

2015 թվականին թունավորումների թիվը ռեկորդային է եղել, այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Անցած տարիներին նման քանակությամբ թունավորման դեպքեր չէին եղել, 2011թ-ին ունեցել ենք մեծ թվով թունավորման դեպքեր, բայց ոչ այսքան, 2012թ.` միայն 2 դեպք, 2013թ. բռնկում չենք ունեցել, 2014-ին` մեկ դեպք, իսկ այս տարի` արդեն 9 դեպք»:

Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ թերացումներ շատ կան համապատասխան մարմինների կողմից. «Եթե ժամանակին կատարվեն անհրաժեշտ քայլերը` մենք խնդիրների առջև չենք կանգնի, թունավորման դեպքեր են գրանցվում, հետո են սկսում գործողությունների դիմել, այնինչ ճիշտ աշխատելու դեպքում պետք է կանխարգելիչ գործողություններ արվեն, որպեսզի թունավորում չլինի:

Եթե թունավորումից հետո են գնում՝ արդեն անիմաստ է դառնում նրանց արձագանքը՝ ավելի շուտ իրենց կառույցն են PR անում, այլ ոչ թե հարց լուծում: Հիվանդությունների կախնարգելման ՊՈԱԿ-ը միակն է, որ կատարում է անհրաժեշտ քայլերը, Առողջապահության նախարարությունը նույնպես համեմատաբար լավ է աշխատում»-ասաց նա:

Բանախոսը նաև նշեց, որ միշտ էլ կարելի է գնալ ստուգումների և ոչինչ չհայտնաբերել. «Պետական կառույցները չեն աշխատում, չգիտեն, թե ինչ է պետք անել: Սննդամթերքի անվտանգությունն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համար չինարեն է, նրանք գործողություններ են անում ոչ թե սպառողին պաշտպանելու, այլ սեփական կաշին փրկելու համար:

Ֆինանսների նախարարությունում քննարկում կազմակերպեցինք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այնպես էին արձագանքում, կարծես թե ստուգումներ անցկացնելը բոլորի գործն է, բացի իրենցից, պետք է համոզել, որ գնան ստուգման: Խնդիրն այն է, որ ստուգում ասվածն այն չի, ինչ իրենք են հասկանում՝ դա չի արվում տնտեսվարողին վնասելու համար, հակառակը՝ ուսումնասիրություն-ստուգումներ պետք է արվեն, ինչն ավելի օգուտ կտա թե տնտեսավարողներին, թե սպառողներին, բայց ինչ ասես, երբ մարդիկ ավելի շատ սուրճ խմել են սիրում, քան գործ անել»:

Պիպոյանը նաև նշեց, որ նախկինում ասում էին, թե տեղեկատվություն չունեն մրցույթներում շահած տնտեսվարողների մասին, այժմ այդ հարցը կարգավորվել է, Երևանի քաղաքապետարանը տրամադրում է ամբողջական տեղեկատվություն, սակայն ոչինչ չի փոխվել. «Քաղաքապետարանը տալիս է, ինչ իրենց պետք է, հիմա ինչի՞ չեն աշխատում: Դժվար չի, եթե կես էջանոց նամակ գրեն մարզպետներին՝ հանձնարարելով, որ մրցույթներում շահած բոլոր տնտեսվարողների մասին տեղեկությունները տան:

Եթե չեն կարողանում գրել, թող ասեն, ես կգրեմ կտամ, թող ուղարկեն միայն ու հետևողական լինեն: Պետք է ունենալ թույլատրվող մթերքների ցանկը, առանձնացնել ռիսկային մթերքների թիվը, ուսումնասիրել պայմանագրերը և մի շարք այլ կարևոր քայլեր կատարել, այդ դեպքում արդեն խնդիրներ չեն ծագի»:

«Եթե մենք վերցնենք մասսայական խախտումները, կտեսնենք, որ օր օրի վրա շատանում են հրապարակային արձանագրվող խախտումները սննդամթերքի հետ կապված՝ պահպանման կանոններ, պիտանելիության ժամկետներ և այլն։ Որովհետև համատարած տնտեսվարողները կարծում են, որ վերահսկողության պակաս է երկրում»,- նշեց Պիպոյանը:

Ի դեպ, Բաբկեն Պիպոյանը հարցերի մի մեծ շարան էր ուղարկել սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, օրինակ, թե ինչ գործողություններ են իրականացվել արձանագրված բռնկումներից հետո, ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նախքան թունավորումների արձանագրումը նույն այդ հաստատություններում, ինչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի էր իրականացնել։

Ի պատասխան Բաբկեն Պիպոյանը ստացել էր ընդամենը կես էջանոց մի փաստաթուղթ․ «Ստացել ենք կես էջանոց, ոչ մի բան չասող պատասխան, ի դեպ այս 21 օրվա ընթացքում նոր կարողացան այս կես էջը տալ։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասին է խոսքը։ Նրանք մեզ գրել են, որ դիմենք ՀՀ քննչական ծառայություն:

Ասեմ, որ նման կառույց ՀՀ-ում գոյություն չունի, էլ այսքանից հետո էլ ինչ ասել: Նմանատիպ գրություն ուղարկել ենք նաև առողջապահության նախարարություն։ Ստացել ենք մոտավորապես 40 էջ փաստաթուղթ, մարդիկ գոնե ուսումնասիրել են, տվյալներ տրամադրել, բնականաբար, զուտ մարդկայնորել էլ Առողջապահության նախարարության հանդեպ ավելի դրական վերաբերմունք է ձևավորվում, քանզի հասկանում են հարցի լրջությունը: Մենք մանրամասն շարադրել ենք առկա խնդիրները, մի շարք հարցեր ուղղել, որին ի պատասխան ասում են դիմեք մի մարմնի, որը գոյություն չունի»։

Նույն շարքից