Իրավական 

Օրվա վատ լուրը

analitik.am

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դեմ! եմ» նախաձեռնության անդամներն այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին, որ կուտակային ֆոնդեր ընտրելու հարցում պետաշխատողների նկատմամբ ճնշումներ են կիրառվում. նրանց պարտադրում են ընտրել ֆոնդերը:

 

«Մեր ուշադրության կենտրոնում է այս խնդիրը, եթե պետական համակարգում նկատվում է ֆոնդերի ընտրողների թվի աճ, նշանակում է, որ ճնշումներ կան, մենք նման տեղեկություններ տարբեր ձևերով ստանում ենք»,-ասաց նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանը՝ շեշտելով, որ իրենք դա թույլ չեն տալու և կանգնելու են յուրաքանչյուր քաղաքացու կողքին:

 

Նախաձեռնության անդամը նաև կոչ արեց ճնշումներին չենթարկվել, ըմբոստություն ցուցաբերել ճնշումների դեմ:

 

Նրա փոխանցմամբ՝ միայն պետական համակարգում չէ, որ առկա են ճնշումներ՝ օրինակ բերելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ինչի մասին մամուլում կա հրապարակում, որ աշխատավարձի հաշվարկի օրը 5% պահում է արվել. «Այս արատավոր վիճակը պետք է արմատախիլ անել. մենք պարբերաբար հրապարակելու ենք ընկերությունների անուններ, որոնք ճնշումներ են իրականացնում:

 

Նա նաև տեղեկացրեց, որ Վանաձորը, Ալավերդին, Կապանը և Գյումրին միացել են իրենց պայքարին, նոր քաղաքներ նույնպես կմիանան: «Մարդիկ ոտքի են ելել, և մենք պետք է սատարենք նրանց, փետրվարի 8–ին մենք միանալու ենք մեր Վանաձորի համախոհներին»,-ասաց նա՝ նշելով, որ մոբիլիզացիան շարունակվում է։ Ըստ քաղաքացիական ակտիվիստի՝ բացի քանակի ընդլայնումը, իրենք պետք է աշխատեն նաև գործատուների հետ, որպեսզի վերջիններս չնպաստեն այդ «հակասոցիալական և հակասահմանադրական համակարգին»:

 

Բուն ճնշումների մասին նախաձեռնության անդամն ավելացրեց, որ օրենքի ուժով Ոստիկանությունը պարտավոր է որպես հաղորդում ընդունել այդ հրապարակումները:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!եմ եմ» նախաձեռնությունն այսօր հադես էր եկել կոչով՝ հորդորելով ՀՀ բոլոր գործատուներին հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել աշխատակիցների աշխատավարձերից պահումներ՝ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների կիրարկումը։ Մասնավորապես կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն։ Իսկ կասեցված մյուս՝ 86-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Նույն շարքից