Սպորտ Ֆեյսբուք 

Վահե Թութխալյանը՝ համալսարանական մարզիկների ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն

analitik.am

Օրերս Ֆրանսիայում՝ Փարիզից 129 կմ հեռավորության վրա գտնվող Ռեյմս քաղաքում կայացավ համալսարական թիմերի ձյուդոյի Եվրոպայի 3-րդ առաջնությունը: Եվրոպայի ուսանողական սպորտի ասոցիացիայի՝ EUSA հովանու ներքո անցկացվող ստուգատեսին մասնակցեցին աշխարհամասի 19 երկրի համալսարական թիմերի ձյուդոյիստներ: Հայաստանն այս մրցաշարում պատվիրակ չէր ներկացրել: Սակայն հայազգի մեկ ձյուդոյիստ, այնուամենայիվ, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Տղաների 66 կգ քաշային կարգում իրեն հավասար չունեցավ Բելառուսում բավական հայտնի սամբիստ ու ձյուդոյսիտ Վահե Թութխալյանը՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության և առևտրի ղեկավարման ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողը:

Հայազգի ձյուդոյիստն այս առաջնությունում 3 մաքուր հաղթանակ տարավ: Նա նախ բացահայտ առավելության հասավ Ֆրանսիայի, ապա Իսրայելի, իսկ եզրափակչում էլ Ֆրանսիայի մեկ այլ ձյուդոյիստի նկատմամբ ու արժանիորեն հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նկատենք, որ Բելառուսի հավաքականն այստեղ հանդես եկավ Վահեի հոր՝ գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի ղեկավարությամբ, ով, ի դեպ, ներկայումս նաև կանանց Բելառուսի հավաքականի մարզիչն է: Ինչպես տեղեկացրեց մարզիչ Թութխալյանը՝ Ռեմյսում Վահեից բացի Բելառուսի ընտրանու կազմում հանդես եկած Բելառուսի մյուս 3 ներկայացուցիչները ևս մրցանակակիր դարձան:

Այսպես, Եվրոպայի փոխչեմպիոն հռչկավեցին և արծաթե մեդալով պարգևատվեցին Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ուսանող Իգոր Ժուկովը (90 կգ) և աղջիկների գերծանր՝ +78 կգ-ում ելույթ ունեցած Գրոդնոյի Յանկի Կուպալայի անվան պետական համալսարանի ուսանողուհի Եկատերինա Կալյուժնայան: Իսկ ահա աղջիկների 63 կգ քաշային կարգում հանդես եկած Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ուսասողուհի Դանիելա Կազանոյն էլ բավարավեց բրոնզե մեդալով:

Այնպես որ, հայազգի փորձառու մասնագետի՝ Գուրգեն Թութխալյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած Բելառուսի համալսարանական թիմերի ընտրանու ելույթը Ֆրանսիայում առավել քան հաջող էր: Նրանք տուն են վերադարձել 4 մեդալ նվաճած, այդ թվում՝ 1-ական ոսկե և բրոնզե ու 2արծաթե: Եվ, իհարկե, այս հաջողություններում մեծ է հայազգի հեղինակավոր մասնագետի նեդրումը:

Նույն շարքից