Ամենաընթերցվածներ Գլխավոր Հասարակություն Վերլուծական 

Ի՞նչ կապ ունի Գագիկ Բեգլարյանը «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի հետ

analitik.am

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում, դեպի Հայաստանի Հանրապետություն ընթանալիս, վթարի էր ենթարկվել «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը: Այս ողբերգության արդյունքում մահացել էին 8 մարդ և տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել 35 մարդ:

Ինչպես գիտենք, «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ն պատկանում է հայտնի Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Շրջանառվող վարկածների համաձայն ավտոբուսը շուռ է եկել՝ անսարք լինելու պատճառով կամ վարորդի քնած լինելու հետևանքով: Երկու դեպքում էլ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին հենց կազմակերպության վրա: Ինչո՞ւ:

Մարդկանց տեղափոխություններով կամ մարդկանց առողջության հետ կապված գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները պետք է ունենալ համապատասխան պատրաստվածության աստիճան՝ թե աշխատակիցները, թե մեքենաները պետք է համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին:

Չէ՞ որ վարորդին էլ է աշխատանքի ընդունում կազմակերպությունը, մեքենան էլ է տրամադրում կազմակերպությունը: Սակայն ոչ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ –ն, ոչ էլ Արթուր Հարությունյանը որևէ ադեկվատ հայտարարություն չարեցին, ավելին՝ Պալաչը news.am-ին տված հարցազրույցում այն հարցին, թե ինչու վարորդների ընտանիքները վթարի մասին ԶԼՄ-ներից են տեղեկացել, այլ ոչ թե կազմակերպությունից, ասել է, թե «Ես ինֆորմացիա չեմ ստանում, որ փոխանցեմ. Ես ինֆորմացիա ստանում եմ լրատվամիջոցներից, որտեղից եմ ստանում, որ մի հատ էլ փոխանցեմ»: Ի՞նչ է ստացվում:

Եթե օրինակ ավտոբուսը, Աստված մի արասցե, վթարի ենթարկվեր և ընկներ ձորը, ապա կազմակերպությունն այդ մասին չէ՞ր իմանա, մինչև ԶԼՄ-ները չգրեին: Սա իր հերթին բավականին մտորելու տեղիք է տալիս, քանի որ մարդկանց կյանքի հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպություններում ուղղակի չի կարող նման անպատասխանատու և անհետևողական մոտեցում լինել՝ առավել ևս կազմակերպության սեփականտիրոջ մոտ:

Պատկերացնո՞ւմ եք, մարդն իրեն պատկանող ընկերությունում կատարվող դեպքերի մասին տեղեկանում է ԶԼՄ-ներից և նման մարդը մարդկանց տեղափոխություններ անելու իրավունք ունի:

Հաջորդ հետաքրքիր պահը՝ նույն հարցազրույցում news.am-ը նշել էր, որ Արթուր Հարությունյանի հեռախոսազրույցներից տեղեկացան, որ նրա Մոսկվա մեկնելը կախված էր կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի որոշումից. Վերջինս մեկնելու է ՌԴ։

Այս պահը բավականին հետաքրքիր է, քանզի մտորելու տեղիք է տալիս՝ չէ՞ որ հենց Գագիկ Բեգլարյանի ղեկավարած կառույցն է զբաղվում տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ընկերությունների կանոնակարգերով և ստուգումներով և հենց Գագիկ Բեգլարյանի կառույցն է ԶԼՄ-ներից իր իսկ սեփական գործունեության մասին տեղեկացող մարդուն տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տվել:

Արդյունքում ստացվում է, որ կամ Գագիկ Բեգլարյանը և Արթուր Հարությունյանն ունեցել են ներքին պայմանավորվածություն, որի հիման վրա վերջինիս պատկանող ընկերության ավտոբուսները չեն անցել համապատասխան ստուգումները կամ էլ անցել են, բայց որոշակի բացթողումներով:

Երկրորդ տարբերակ՝ գուցե Գագիկ Բեգլարյա՞նն էլ որևէ կապ ունի Պալաչին պատկանող ընկերության հետ: Այլ պայմաններում Գագիկ Բեգլարյանը Պալաչին ոչ թե իր հետ պետք է Մոսկվա տաներ, այլ պետք է իրեն հատուկ ոճի մեջ պատժեր՝ չէ՞ որ 8 մարդ է մահացել, որի մեջ բացի ընկերությունից մեղավորություն ունի նաև իր ղեկավարած կառույցը:

Մնացած մանրամասներին կանդրադառնանք առաջիկա նյութերում:

Նույն շարքից