Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Եթե հանկարծ սկսվի ռուս-թուրքական պատերազմ, դա Հայաստանի համար ամենամեծ դժբախտությունը կլինի.Սուրեն Մանուկյան

analitik.am

«Վերջին 25 տարիների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները երբևիցե այսքան ցածր մակարդակում չէին եղել։ Իհարկե, եղել են որոշակի խնդիրներ, թյուրըմբռնումներ, որոշակի մրցակցային հարաբերություններ և՛ անմիջապես հետխորհրդային շրջանում, և՛ չեչենական պատերազմների ժամանակ, բայց նման աստիճանի նախապատերազմական իրավիճակ դեռ չէր եղել»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը։

Վերջինս նկատեց՝ այն, որ ռուսական ինքնաթիռի խոցումից անցել է մեկ շաբաթ, և այդ ընթացքում դեռ ոչ մի հանդիպում, քննարկում տեղի չի ունեցել երկու կողմերի միջև, նշանակում է՝ թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան շատ վճռական են տրամադրված ու մի քայլ ետ անել չեն ցանկանում։

«Ի վերջո այդ քայլը հարաբերությունների բարելավման նախապայման կարող էր լինել։ Ես, իհարկե, շատ քիչ հավանական եմ համարում Ռուաստան-Թուրքիա ուղղակի պատերազմը, բայց դեպքերի զարգացման տրամաբանությանը նայելիս դա նույնպես չի կարելի բացառել»,- ավելացրեց պարոն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ վերջին զարգացումներում ամենախորհրդանշականը Ռուսաստանի կողմից հաճախ շրջանառվող այն արտահայտությունն էր, թե թիկունքից հարված ստացան. «Սա գոնե ինձ համար բացահայտեց մի իրողություն, որ Ռուսաստանը դադարել էր Թուրքիայի հետ հարաբերություններին նայել աշխարհաքաղաքական, ռազմավարական տեսանկյունից, և այդ հարաբերություններն ամբողջությամբ տեղափոխել էր տնտեսական բիզնես ոլորտ, Թուրքիային ընկալում էր միայն որպես տնտեսական գործընկեր՝ մոռանալով աշխարհաքաղաքական շահերն ու հնարավորությունները։ Սա ինձ հիշեցնում է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարթությունը, երբ մենք միշտ ասում ենք՝ ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, և մեզ պատասխանում են, որ սա բիզնես ոլորտ է, սա առևտուր է, ոչ մի կապ չունի ռազմավարական կամ աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Այդ նույն տրամաբանությունը Ռուսաստանը դրել էր Թուրքիայի հետ հարաբերություններում, և զարմանքը, որ իրենք ապրեցին, երբ ստացան պատասխան հարված Թուրքիայից, շատ խորհրդանշական է, և ես հույս ունեմ, որ գոնե հիմա Ռուսաստանը կհասկանա՝ Թուրքիային առաջին հերթին պետք է նայել աշխարհաքաղաքական տեսանկյունից և ոչ թե տնտեսական կամ ֆինանսական։ Հույս ունեմ նաև, որ այս փոփոխությունը ռուսական վերնախավին թույլ կտա վերանայել Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և դրանք բիզնես դաշտից ի վերջո տեղափոխել աշխարհաքաղաքական կամ ռազմավարական դաշտ, որը մեզ համար իհարկե շահեկան կլինի՝ Ռուսաստանի հետ հարաբերվելու առումով»,- ընդգծեց Սուրեն Մանուկյանը։

Այս համատեքստում որքանո՞վ կարող է Հայաստանը չեզոք դիրքում մնալ ու չներքաշվել տեղի ունեցող զարգացումներում։ Լրագրողների այս հարցին Ս. Մանուկյանը պատասխանեց․ «Շատ հաճախ ասում են՝ ինչո՞ւ Հայաստանը կարծիք չի հայտնում, հայտարարությամբ հանդես չի գալիս։ Կարծում եմ՝ սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանի կարծիքն այնքան ակնհայտ է ու հասկանալի, որ ավելորդ անգամ հանդես գալու կարիք բոլորովին չկա։ Եթե հանկարծ սկսվի ռուս-թուրքական պատերազմ, դա Հայաստանի համար ամենամեծ դժբախտությունը կլինի, քանի որ մենք կհայտնվենք ռազմաճակատի առաջին գծում, ուզենք թե չուզենք։ Իսկ ես կարծում եմ, որ ոչ մեկս դա չի ցանկանում, առավել ևս, որ այս փուլում դա մեր խնդիրը, մեր պատերազմը չէ։ Այնպես որ, լավ կլիներ՝ այդ հայդուկային կոչերը մի կողմ թողնեինք ու իրավիճակին ռեալ նայեինք, մտածեինք իրավիճակի կայունացման մասին։ Առանց այդ էլ այն, ինչ տեղի է ունեցել, ռուս-թուրքական հարաբերություններն այն աստիճանի է վատացրել, որ եթե նույնիսկ այս սուր փուլից դուրս գան, շատ երկար ժամանակ նրանց հարաբերությունները նախկին մակարդակին չեն հասնի, այլևս նույնը չեն լինի»։

Անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանի Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը, պարոն Մանուկյանը շեշտեց՝ Հայոց ցեղասպաության թեման քաղաքական թեմա է, և միշտ շահարկվել է ու շահարկվելու է.

«Գրեթե բոլոր պետությունները, որոնք դա ընդունել են, բացառությամբ երևի թե Պարագվայի ու Բոլիվիայի, ունեցել են շահ այդ հարցը հենց այդ պահին ընդունելու համար։ Այս պարագայում ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որ Ռուսաստանը հիմա այդ հարցը բարձրացնում է։ Իհարկե, բարոյական տեսակետից մեզ համար այնքան էլ դուրեկան չէ, բայց ես միշտ ասում եմ՝ թող ընդունվի։ Վերջին հաշվով՝ մեզ համար կարևոր չէ, թե ինչ նկատառումով իրենք դա արեցին։ Կանցնեն տարիներ, և ոչ ոք չի հիշի, թե երբ է դա ընդուվել։ Բոլորը կհիշեն, որ կա այսպիսի օրենք, և այդ օրենքին պետք է հետևել։ Գիտեք, այնուամենայնիվ չեմ կարծում, որ կընդունվի օրենքը, բայց շատ լավ է, որ այն մտավ քննարկման օրակարգ։ Քվեարկությունը մեզ շատ բաներ ցույց կտա։ Մենք ի վերջո կբացահայտենք, թե որ ֆրակցիան է մեզ հետ աշխատում, որ ֆրակցիայի հետ ունենք խնդիրներ, ի վերջո կհասկանանք, թե ռուսական խորհրդարանը քանի տոկոսով է հավատում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններին, կհասկանանք՝ միայն ԱՄՆ-ն չէ, որ Ցեղասպանության հարցը կապում է իր քաղաքական օրակարգի հետ, այլև Ռուսաստանը… Այս առումով՝ շատ լավ է, որ այդ նախագիծն առաջ քաշվեց»։

Նույն շարքից