Իրավական Հասարակություն 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ:

Արմավիր մարզի բնակիչ Ա.Քոչարյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կինը 34 շաբաթական հղիությամբ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 շաբաթ գտնվել է բժիշկների հսկողության տակ, քանի որ կնոջ մոտ եղել է պտղաջրերի արտահոսք: Նոյեմբերի 19-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը, սակայն նշված բժշկական կենտրոնի բուժաշխատողները, ըստ դիմումատուի, բժշկական մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելով, անուշադրության են մատնել կնոջը, որի հետեւանքով 36 շաբաթական պտուղը մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում  առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշված բժշկական կենտրոնում մեկ այլ նորածնի մահվան դեպք է գրանցվել նաեւ նոյեմբերի 27-ին:

2015 թվականի նոյեմբերի 28-ին քաղաքացի Ի. Հայրապետյանից  հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 25-ին հարսը՝ իր որդու կինը, ընդունվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն եւ կեսարյան հատման եղանակով ունեցել արական սեռի երեխա: Նոյեմբերի 27-ին նորածին երեխան մահացել է՝ ըստ դիմումատուի,  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու առիթ՝ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

2 քրեական գործերով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Նույն շարքից