Առողջապահություն Հասարակություն Հարցազրույց 

Սեռական կյանքը հաճույքի համար չէ. Սեքսոպաթոլոգ

analitik.am

Առողջ սեռական կյանք վարելու ու դրա հետ կապված խնդիրների մասին մի քանի հարց ուղղեցինք Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանին

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում առողջ սեռական կյանք վարելու հետ կապված խնդիրներ կա՞ն այսօր, թե՞ ոչ։

-Խնդիրներ, իհարկե, կան՝ կապված հենց առողջ սեռական կյանք հասկացության հետ, այսինքն՝ շատերի համար առողջ սեռական կյանքն ազատ կամ սանձարձակ սեռական կյանքն է, որը հաճույք է հետապնդում, կյանք, որը միայն բնական կարիքների բավարարում է։ Բոլոր այս տեսակի բնորոշումներն առողջ համարել չի կարելի։ Առողջ սեռական կյանքը բնական կարիքների բավարարումը չէ, հաճույք ստանալը չէ, ազատ ու «մոդայիկ» շարժման մեջ լինելը չէ։ Այդ ամենը քայքայող հետևանքներ է ունենում, որի պտուղները մենք այսօր տեսնում ենք։ Խնդիրն այն է, որ մեր երկրում ձևավորված չէ սեռական մշակույթը, մենք վերցնում ենք տարբեր արժեքներ եվրոպական, ամերիկյան մշակույթից և փորձում պատվաստել մեր մշակույթին, որը չի ստացվում։ Իհարկե, առողջ սեռական կյանքը չպետք է ասոցացնել հայերի հետ, քանի որ այն ազգային բնորոշում չունի, բայց պետք է նկատի ունենալ սեռական կյանքի սոցիալական-մշակութային բաղադրիչը, հաշվի առնել մեր ինքնությունը, թե ով ենք մենք ու որ արժեքներն ենք վերցնում։

-Այդ դեպքում ո՞րն է առողջ սեռական կյանքը, եթե բնական կարիքների բավարարումը չէ, հաճույքը չէ։

-Առողջ սեռական կյանք կարելի է համարել սեռական վարքի այն տեսակը, որը մարդու դեպքում սեռական հակման մշակման արդյունքն է, սեռական բնազդի բանականացված վարքային ձև, այսինքն՝ սեռական բնական կարիքը, որը հում վիճակում գտնվող սեռականությունն է, մշակման, հասունանալու կարիք ունի՝ մարդկային սեռական վարք դառնալու համար։

-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ Հայաստանում առողջ սեռական կյանք վարելու լուրջ խնդիր կա։

-Գիտեք, ես կասեի՝ խնդիր կա, որ մենք կարող ենք կորցնել այն, ինչ ունենք։ Մեր մշակույթում ու մեր ազգային մտածելակերպի մեջ վաղուց կա, նստած է առողջ սեռական կյանք հասկացությունն ու դրա գիտակցումը, բայց խնդիր կա, որ մենք դա կարող ենք մոռանալ այն ազդեցության պատճառով, որն այսօր կա համացանցի ու գլոբալացման ժամանակաշրջանում։

-Բայց կարծիք կա նաև, որ սեռական կյանքի բացակայւթյունը ևս մի շարք հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ։ Նույն մեր ազգային մտածելակերպի հետևանքով հատկապես աղջիկները չե՞ն բախվում նման խնդրի։

-Աղջիկների դեպքում խնդիրը շատ տարբեր է, քանի որ չկա մի ընդհանուր բանաձև, որ ասենք՝ այ սա է ու սրանով պետք է առաջնորդվել։ Այսինքն՝ կան աղջիկներ, որոնց դեպքում սեռական կյանքի բացակայությունը մինչև, օրինակ, 30 տարեկան, ոչ մի կերպ չի անդրադառնում առողջության վրա, և կան աղջիկներ, որոնց հասունացումը շատ արագ է տեղի ունենում և 18-19 տարեկանում նա արդեն պետք է ունենա սեռական կյանք։ Այսինքն՝ ընդհանրացնելը սխալ է, այս հարցն անհատական մոտեցում է պահանջում։ Այն մարդիկ, որոնք համարում են՝ հասունացել են և պատրաստ են սեռական կյանք մուտք գործել, պետք է հաշվի առնեն՝ հասունալ է պետք ոչ միայն մարմնապես, ֆիզիկապես, այլև հոգեպես, որպեսզի ամբողջական պատասխանատվություն կրեն իրենց քայլերի ու որոշումների համար։ Այսօր ազատությունն ընկալվում է որպես սանձարձակություն՝ իմ մարմինն է, ինչ ուզեմ, կանեմ։ Բայց այդպես ո՞նց կլինի։ Շատ դեպքերում ՄԻԱՎ վարակակիրները հիվանդությունը ձեռք բերելուց հետո են միայն վերաիմաստավորում իրենց կյանքն ու սկսում են սեռական հարաբերություն ունենալ միայն մեկ զուգընկերոջ հետ։ Ես չէի ուզենա, որ վախը պատճառ դառնար առողջ սեռական կյանք վարելու համար, հենց սկզբում է պետք գիտակցել քայլերի հնարավոր հետևանքները։

Ուզում եմ ընդգծել՝ սեռական կյանքը հաճույքի համար չէ։ Երբ այս մասին մեկ անգամ ասացի իմ այցելուներից մեկին, զարմացավ, ասաց՝ բա ինչի՞ համար է։ Սեռական կյանքը մարդու կայացման համար է, մարտահրավեր է, խնդիր, որը պետք է լուծել, ու երբ լուծում ես, այդ ժամանակ էլ հաճույքի ես հասնում…

Նույն շարքից