Ռազմական 

Դասակս դուխով էր, ոչ ոք իրեն չկորցրեց. վիրավորված սպան՝ հերոսական մարտի մասին. news.am

analitik.am

Մարտի 19-ի հարձակումը ձեռնարկած հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբին մեկ տասնյակ հայ դիրքապահները 5 րոպեում ստիպել են նահանջել: Հարձակման հետեւանքով վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանը, որն այսօր՝ մարտի 25-ին, տեղափոխվել է հիվանդասենյակ,NEWS.am-ին պատմեց, որ թեեւ հակառակորդն իրենց հանկարծակիի է բերել, նռնակներ նետել, բայց իրենք կարողացել են տիրապետել իրավիճակը, վիրավորված վիճակում էլ շարունակել են կռվել մինչեւ լրացուցիչ ուժերի օգնության հասնելը։

«Տասնմեկ հոգի էինք, մեր դիրքերի մոտ ադրբեջանցի դիվերսանտները հարձակվեցին մեզ վրա: Երեք հոգի դուրս եկան, թեւթե կրակահերթ թողեցին: Մենք հետ քաշվեցինք ու դիրքավորվեցինք, սկսեցին կրակել: Իրենք այնքան շատ չէին կրակում, ինչքան որ նռնակներով էին մեզ հետ կռվում: 10-15 նռնակ են նետել մեր ուղղությամբ: Չնայած դրան՝ դասակիս ամբողջ անձնակազմը դուխով էր, ոչ մեկ իրեն չկորցրեց, ամեն մեկն իր տեղը գտավ, թե ինչ պիտի անի, ոնց պիտի անի»,- պատմեց Սարգիս Գաբրիելյանը՝ նշելով, որ իրենց եւ հակառակորդի միջեւ մարտը 5 րոպե է տեւել, դրանից հետո ժամանել են օժանդակող ուժերը:

Օգնության եկած ուժերի ժամանելուց հետո Սարգիսին եւ մյուս վիրավորներին տեղափոխել են  հիվանդանոց, որտեղ նրանք տեղեկացել են, որ իրենցից հետո հայկական կողմը 2 ժամ մարտ է մղել հակառակորդի հետ, հետապնդել նրանց մինչեւ նրանց դիրքերի մատույցները եւ ամբողջությամբ ոչնչացրել:

Սարգիսը հպարտությամբ է հիշում մարտում իր զինվորներից յուրաքանչյուրի կռիվը։ Ձեռքից վիրավոր Սարգիսին իր զինվորներն են օգնել լիցքավորել զենքը. «Եթե սպա ես, եթե տեսնում ես, որ կողքիդ զինվորը չի վախենում, քո համար կռվում, գալիս, տեսնում է, որ վիրավոր ես, զենքդ չես կարողանում լիցքավորես, ինքը զենքը լիցքավորում, տալիս է ձեռքդ, որ կրակես, պարտավոր ես մինչեւ վերջ կռվել»։

Դժբախտաբար, հակառակորդին հերոսաբար դիմադրած դասակի անդամներից երեքը ստացած վնասվածքներից մահացել էին, չորսը վիրավորվել։ Սարգիսն ու նրա դասակի մյուս տղաները հիմա աղոթում են, որ ճգնաժամը կարողանան հաղթահարել իրենց երկու ընկերները, որոնց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Նույն շարքից