Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

‹‹Այս մրցանակը պարտավորեցնող է ու ոգեշնչող››.Թևան Պողոսյան

analitik.am

Analitik.am-ը ջերմորեն շնորհավորում է ‹‹ԱՍ›› քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության մրցանակակիրներին ու հաղթողներին: Մեր թղթակիցը զրուցել է ‹‹Տարվա ամենահավասարակշռված քաղաքական գործիչ›› հատուկ մրցանակին արժանացած ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, Ձեզ համար այս մրցանակին արժանանալն անակնկա՞լ էր: Խնդրում եմ, պատմե՛ք Ձեր տպավորությունների մասին:

 

-Իրականում այո՛, ինձ համար  իսկապես անակնկալ էր այս մրցանակին արժանանալը: Ինչ-որ աշխատանք անելիս ես երբեք չեմ մտածում համապատասխան գնահատական ստանալու մասին: Աշխատելիս պարզապես մտածում եմ, որ դա իմ գործն է ու ես պարտավոր եմ դա անել: Այսօր առավոտյան անակնկալի եկա, երբ իմացա, որ ես էլ եմ մրցանակակիր:

-Այս մրցանակն ի՞նչ ազդեցություն կունենա Ձեր աշխատանքի ընթացքի ու, առհասարակ, գործունեության վրա:

-Այս մրցանակը պարտավորեցնող է ու ոգեշնչող: Եթե արժանանում ես այսպիսի բարձր գնահատանքի, ուրեմն պետք է ավելի լավ աշխատես: Հարկավոր է պահպանել այն արդյունքը, որն արդեն կա: Մարզիկներն ասում են՝ չեմպիոն դառնալը հեշտ է, չեմպիոնական տիտղոսը պահպանելն է դժվար:  Պետք է փորձել անել այնպես, որ մարդիկ չմտածեն, որ հանիրավի եմ արժանացել այս մրցանակին:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք այս մրցանակաբաշխության մասին:

-Յուրաքանչյուր նմանատիպ գաղափարի մասին խոսելիս մարդիկ  սկզբում թերահավատություն եմ դրսևորում՝ արդյո՞ք արդարացիորեն պարգևատրվում են հաղթողները, քվեարկությունն արդար է, թե ոչ... և այլն: Բայց այս մրցանակաբաշխությունն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է: Ուրախ եմ, որ  ‹‹ԱՍ››  մրցանակաբաշխությունն արդեն իր ուրույն տեղն է գտել մեր ընկալումների մեջ: Հուսով եմ, որ այս մրցանակները ստացողներն ավելի պարտավորված կզգան իրենց ու ավելի լավ կաշխատեն: Բարի երթ եմ մաղթում այս մրցանակաբաշխությանը և լիահույս եմ, որ այս նախագիծը հարատև կլինի:

Հարցազրույցը   վարեց   Հասմիկ   Բալեյանը

 

Նույն շարքից