«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Իրավական Հարցազրույց 

‹‹Ինձ համար առաջին հերթին այս նոմինացիայում հայտնվելն  էր անակնկալ ››.Ռուզաննա Ազրոյան

analitik.am

Analitik.am-ը  շարունակում է իր ընթերցողին ներկայացնել հարցազրույցներ ‹‹ԱՍ››  մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ: Մեր թղթակիցը զրուցել է ‹‹Տարվա լավագույն փաստաբան›› անվանակարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած  Ռուզաննա Ազրոյանի հետ:

-Խնդրում եմ, նախ մեր ընթերցողին պատմե՛ք Ձեր տպավորությունների մասին: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները, երբ իմացաք, որ  ‹‹Տարվա լավագույն փաստաբան›› անվանակարգում զբաղեցրել եք երկրորդ պատվավոր հորիզոնականը:

-Նախ ասեմ, որ ինձ համար անակնկալ էր այս անվանակարգում նոմինացվելը: Երբ ինձ զանգահարեցին և խնդրեցին իմ համաձայնությունը կայքում նկարը տեղադրելու հետ կապված՝  իմ առաջին հարցը սա եղավ՝ ինչու՞ ես: Այնպես որ՝ ինձ համար առաջին հերթին այս նոմինացիայում հայտնվելն էր անակնկալ: Հետո քվեարկության ընթացքում հասկացա, որ իմ օգտին բավականին շատ մարդիկ են քվեարկել: Այդ ժամանակ արդեն  ինձ համար անակնկալ չէր այն, որ գուցե մրցանակային տեղ զբաղեցնեի:

՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս մրցանակը:

-Նախ ասեմ, որ շատ հաճելի է մրցանակի արժանանալ այսպիսի մրցանակաբաշխության շրջանակում: Պետք է ասեմ, որ այս մրցանակը պարտավորեցնող է: Գալիք տարում պետք է ավելի լավ աշխատեմ, որովհետև, ենթադրենք, եթե գործը սխալ վարեմ, ասելու են՝ տեսե՛ք, նա երկրորդ տեղը զբաղեցրած փաստաբանն էր, ուստի այս մրցանակը ստանալը պարտավորեցնող է: Ես չպետք է թերանամ  ո՛չ ուսանողներիս առաջ, ո՛չ էլ վստահորդներիս:

-Կարծրատիպային մի արտահայտություն կա. ասում են՝ մասնագետը թրծվում է տարիների ընթացքում՝ տարիների փորձով: Դուք բավականին երիտասարդ եք ու արդեն այսպիսի արդյունքի եք հասել: Ինչպե՞ս կմեքնաբանեք այս փաստը:

-Ես իմ փաստաբանական արտոնագիրը ստացել եմ երկու տարի առաջ, բայց իրավագիտությամբ զբաղվում եմ ավելի քան տասը տարի: Իրավական ոլորտում  երկար տարիներ աշխատել եմ՝ Ֆինանսների նախարարությունում, աուդիտորական ընիկերությունում, Էկոնոմիկայի նախարարությունում...  Կան մասնագետներ, որ երկար տարիներ է, ինչ արտոնագիր ունեն, բայց դա չի նշանակում, որ նրանք ավելի կայացած մասնագետներ են: Կան հակառակ դեպքերը. փաստաբաններ կան, որ մի քանի տարի է, ինչ արտոնագիր են ստացել, բայց արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում: Ուրախ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին և ուրախ եմ, եթե ինչ-որ կերպ կարողանում եմ նպաստել կարծրատիպեր կոտրելու գործընթացին:

Հարցազրույցը   վարեց   Հասմիկ   Բալեյանը

 

Նույն շարքից