Սպորտ Ֆեյսբուք 

Արմենակ Ալաչաչյան` բասկետբոլի Եվրոպայի քառակի չեմպիոնը

analitik.am

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սովետական բասկետբոլի 1960-ականների աստղ Արմենակ Ալաչաչյանին միանշանակ կարելի է դասել ԽՍՀՄ-ի հայազգի ամենատիտղոսակիր մարզիկների շարքին: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա չորս անգամ դարձել է Եվրոպայի առաջնությնների չեմպիոն (1953, 1961, 1963, 1965), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1964), Մոսկվայի ԲԿՄԱ թիմի կազմում երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը (1961, 1963), իսկ 1959-1966 թթ. ընթացքում ութ անգամ անընդմեջ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: Ալաչաչյանը նվաճումներ ունեցավ նաև որպես մարզիչ. 1969-ին նրա գլխավորած ԲԿՄԱ-ն կրկնակի հաջողության է հասել` նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը:

Արմենակ Միսակի Ալաչաչյանը (Ալաջաջայան) ծնվել է 1930 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Արևմտյան Հայաստանից գաղթաց հայ փախստականների ընթանիքում: Հարցազրույներից մեկում Ալաչաչյանը պատմում է. «Այն թաղամասը, որտեղ մենք ապրում էինք Ալեքսանդրիայում` կոչվում էր «Փոքրիկ Հայաստան», քանի որ այստեղ բոլորը հայ էին: Հենց այստեղ էլ, իրար շատ մոտ, գտնվում էին մեր թաղամասի հայկական դպրոցը, եկեղեցին և մարզադաշտը: Սպորտով ես սկսեցի զբաղվել վեց տարեկանից: Սկզբում թեթև ատլետիկա, հետո` ֆուտբոլ: Իսկ երբ արդեն 12 տարեկան էի` հայտնվեց բասկետբոլը, որն էլ հետագայում պետք է դառնար իմ կյանքի գլխավոր գործը: Բայց ավելի լուրջ ես սկսեցի զբաղվել բասկետբոլով, երբ 1947-ին մենք ընտանիքով ներգաղթեցինք մեր պատմական հայրենիք` Հայաստան և ես ընդունվեցի Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ»:

Արմենակ Ալաչաչյանը իր պրոֆեսիոնալ սպորտային ուղին սկսել է Երևանի ՍԿԻՖ թիմում (1948-1954), հետագայում տեղափոխվել Ալմա-Աթայի «Բուրեվեստնիկ» թիմ (1955-1957), իսկ 1958-1966 թթ. խաղացել է արդեն Մոսկվայի ԲԿՄԱ-ում և հանդիսացել թիմի ավագը: Ալաչաչյանը իր սպորտային կարիերան ավարտում է 1971 թվականին և ընտանիքի հետ ԽՍՀՄ-ից մեկնում Կանադա, Տորոնտո, որտեղ էլ բնակվում է մինչ հիմա` զբաղվելով ոսկերչական բիզնեսով: Նշենք, որ 2014-ին Երևանում անցկացվեց Արմենակ Ալաչաչյանի անվան բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշար։

Նույն շարքից