«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Գլխավոր Հասարակություն 

«Մենք հաղթելու ակնկալիքներ ունեինք». Վահագն Համբարձումյան

analitik.am

Analitik.am-ն այս անգամ զրուցել է «Տարվա լավագույն հասարակական գործիչ» անվանակարգում  հաղթած Վահագն Համբարձումյանի՝ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահի հետ:

-Պարո՛ն Համբարձումյան, նախ, մեր ընթերցողին  պատմեք Ձեր հաղթական տպավորությունների մասին:


-Այս մրցանակաբաշխությունում նոմինացվելու մասին ինձ ասացին մեր ասոցիացիայում: Սա նորմալ, լուրջ մրցանակաբաշխություն է, ուստի որոշեցինք մասնակցել: Սա մեր ասոցիացիայի հաղթանակն է: Եթե անկեղծ ասեմ, չի կարելի ասել, թե մենք չէինք սպասում այս մրցանակին: Մենք հաղթելու ակնկալիքներ ունեինք:

-Իսկ ո՞րն է գաղտնիքը: Ինչպե՞ս կարելի է աշխատել այդ ոլորտում և միաժամանակ ճանաչվել ու սիրվել հասարակ քաղաքացիների կողմից:

 -Հասարակության մեջ աչքի ընկնելու համար կա  երկու տարբերակ. մարդիկ կամ պիտի շատ լավ բան անեն կամ շատ վատ: Մենք  լուրջ օրենսդրական բացեր ենք ուսումնասիրում շուկայում՝ հարկատուների շրջանում: Պետք է ասեմ, որ պետության կողմից մեզ այդ հնարավորությունն ընձեռվել է. դա շատ ողջունելի փաստ է: Վերջին եռամսյակում չորս լուրջ օրենսդրական առաջարկություն ենք արել, որոնք համապատասխան մարմիններն ընդունել են բարեխիղճ կերպով: Սրա արդյունքում ձևավորվում են լուրջ բարեփոխումներ: Որոշակի օրենսդրական բացերի պատճառով բազմաթիվ հարկատուներ տուժել էին, բայց մեր նախաձեռնած օրենսդրական փոփոխության շնորհիվ այդ բացը լրացվեց: Սա նշանակում է, որ բարի գործ է արվում, իսկ հասարակությունը գնահարում է դա:

-Ի՞նչ կարծիք ունեք «ԱՍ» մրցանակաբաշխության մասին:

-Այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին առաջացնում է մրցակցություն, իսկ դա գովելի երևույթ է: Մարդիկ ձգտում են աշխատել  ավելի լավ՝ բարձր գնահատանքի արժանանալու համար: Անալիտիկ կենտրոնի հիմնադիր  Անի Հավհաննիսյանը շատ լավ մրցանակաբաշխություն է նախաձեռնել: Պետք է ասեմ, որ այս մրցանակաբաշխությունը բազմաթիվ թիմերի ավելի միահամուռ էր դարձրել քվեարկության օրերին:  Մեր թիմը աշխատում էր նույնիսկ ֆեյսբուքում: Ջանում էին անել այնպես, որ մարդիկ տեղեկացվեն, քվեարկեն մեր օգտին: Այս մրցանակաբաշխության շնորհիվ թիմը միավորվում է, համախմբվում մեկ գաղափարի շուրջ՝ միահամուռ պայքարելով հաղթանակի համար: Այնպես որ՝ կարծիքս, միանշանակ, դրական է:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից