Մշակույթ 

Նախագահը շնորհավորել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհու 105-ամյակը

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,

Ինձ համար մեծ պատիվ է եւ շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն եւ երջանկություն՝ մշտապես շրջապատված զավակների ու հարազատների ջերմ սիրով:

Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:

Ապրելով օտարության մեջ, հոգում կրելով անցյալի դառը հիշողություններն ու չսպիացող վերքերը՝ Դուք կարողացաք պահել ու պահպանել Ձեր ազգային, կրոնական ու մշակութային ինքնությունը, ստեղծել ամուր ավանդույթներով հայ ընտանիք, դաստիարակել զավակներին հայրենասիրության, մարդասիրության, անցյալի եւ արմատների նկատմամբ հարգանքի ոգով:

Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ եւ ավելացնել, որ Դուք խորհրդանշում եք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում եւ գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը եւ Հայրենիքի խորհուրդը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից