Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Ո՞ր կողմը կտուժի. ԵԽԽՎ-ն, թե՞ Ռուսաստանը

analitik.am

Եվրոպայի խորհրդի գլխավոր ասամբլեայի նախագահ Անն Բրասսերն ափսոսանք է հայտնել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության՝ մինչև տարեվերջ կառույցի աշխատանքներին չմասնակցելու որոշման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում  է   BBC-ի ռուսական ծառայությունը:

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին հաղորդել է,  որ ԵԽԽՎ ղեկավարից նամակ է ստացել, որում ասվում է,  որ ռուսական պատվիրակությունը 2016 թվականին չի մասնակցի կառույցի աշխատանքներին: Սլուցկին  այս իրադարձությունից հետո նշել է որ  Ռուսաստանը ԵԽԽՎ կվերադառանա միայն այն դեպքում, երբ կերաշխավորվի նրա պատվիրակության ամբողջական կազմի մասնակցությունը:  Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական պատվիրակությունը հայտարարել էր   մինչև 2015 թվականի ավարտը ԵԽԽՎ աշխատանքներին չմասնակցելու որոշման մասին:

Այս թեմայի մասին մեր թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ եք կարծում, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության՝ մինչև տարեվերջ կառույցի աշխատանքներին չմասնակցելու փաստը ավելի շատ ո՞ր կողմին կվնասի. Ռուսաստանի՞ն, թե՞ ԵԽԽՎ-ին:

-Կարծում եմ՝ դա որևէ նկատելի անդրադարձ չի ունենա Ռուսաստանի վրա: Ռուսական կողմը ավելի վաղ հայտարարել էր ԵԽԽՎ-ում աշխատանքները բոյկոտելու իր որոշման մասին: Համագործակցության խնդիր կար: Ռուսական կողմը բազմիցս դժգոհություն էր հայտնում միակողմակի գնահատականների պատճառով և փորձում էր եվրոպական միության գործընկերներին ավելի կոնստրուկտիվ քննարկումների դաշտ հրավիրել, ինչը չէր ստացվում վերջին շրջանում: Դրանից ոչինչ չի կորցնի Ռուսաստանը: Ոչինչ չի կորցնի նաև Եվրոպական միությունը՝ որպես միասնական կառույց: Բայց ԵԽԽՎ-ն՝ որպես լայն քննարկումների հարթակ, որպես խորհրդարանական դիվանագիտություն իրականացնող մեծ գործիք՝ փաստացի կկորցնի մեծ ռեսուրս: ԵԽԽՎ-ն, փաստորեն, կկորցնի միջազգային քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություններ: Հետևաբար՝ ավելի շատ անհանգստանալու առիթ ունի հենց ԵԽԽՎ-ն, ոչ թե Ռուսաստանը:

-Ռուսաստանը  սպառնում է իր նկատմամբ պատժամիջոցները չհանելու դեպքում դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից: Ի՞նչ կասեք այս մասին: Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել մոտ ապագայում:

-Կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն դեպքում կփորձի խուսափել ծայրահեղ քայլերից: Բայց չեմ բացառում, որ այդպիսի զարգացումներ էլ կարող են լինել: Վերջին հաշվով՝ եթե Ռուսաստանը պիտի լինի ԵԽԽՎ անդամ, ու  եթե չպիտի կարողանա իր համար բարենպաստ որոշումներ ստանալ, ուրեմն անիմաստ է այդ կառույցի հետ համագործակցության շարունակությունը: Այնպես որ՝ հնարավոր է՝ դուրս գան, հնարավոր է՝ խստացնեն իրենց պահանջները: Ռուսաստանն այժմ ավելի մեծ խնդիրներ ունի: Այս երկիրը տուժում է ոչ թե ԵԽԽՎ-ի կազմում լինել-չլինելու փաստից, այլ այն հանգամանքից, որ արևմուտքի հետ այժմ բավական լուրջ խնդիրներ կան:  Ռուսաստանում առկա խնդիրներն, առաջին հերթին, վերաբերում են տնտեսական զարգացմանը, հետևաբար, պաշտոնական Մոսկվան ավելի մեծ խնդիրներ ունի:

Հարցազրույցը  վարեց  Հասմիկ  Բալեյանը

 

Նույն շարքից