Գլխավոր Հարցազրույց Վերլուծական Տնտեսություն 

Տնտեսագետները հնարավոր են համարում գազի գնի իջեցումը

analitik.am

Հունվարի 20-ին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման հետ կապված: Նախարարը նշեց, որ նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում  չէինք դիմի Ռուսաստանին: Արդյո՞ք Ռուսատանը կգնա այս քայլին: Ի՞նչ կանխատեսումներ են անում տնտեսագետներն այս հարցի վերաբերյալ:

Այս հարցերի պատասխանն ստանալու համար Analitik-ը զրուցել է տնտեսագետ, ԱԺ պատգամավոր, գազային հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի և տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Մելքումյան, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կընդառաջի՞ Հայաստանին գազի գնի էժանացման հարցում:

-Մենք Ռուսաստանից մոտավորապես 1,9 միլիարդ խորանարդ մետր գազ ենք ներկրում: Այս թիվը Ռուսաստանի համար մեծ չէ: Կարծում եմ, որ այդ երկիրը կգնա այդ քայլին: Բայց դա քաղաքական որոշում պետք է լինի, քանի որ Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական գործընկերն է: Եթե այժմ դոլարով ենք վճարում՝ 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Դա, փաստորեն, կրկնակի է ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում: Կարծում եմ, որ, պետք է որ հնարավոր լինի, որ Ռուսաստանը նվազեցնի գազի գինը: Իսկ թե դա ինչ չափով կլինի, ոչինչ ասել չեմ կարող:

-Որպես գազային հանձնաժողովի փոխնախագահ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն խնդրահարույց հարցը, որ Ռուսաստանը մեր երկրին գազը թանկ չի վաճառում, բայց երբ այդ գազը հասնում է սովորական քաղաքացիներին, գինն անհամեմատ թանկանում է:

-Մենք ունենք 2 տեսակի սպառողների խումբ: Առաջին խումբը ամսական 10 հազար մետր խորանարդից ավել գազ  սպառողներն են, որի համար վերջիններս վճարում են մոտավորապես 270 դոլար և երկրորդ խումբը՝ 10 հազարից քիչ գազ սպառողների խումբ. խոսքը վերաբերում է ՀՀ սովորական քաղաքացիներին:  Այնպես որ՝ այստեղ մեծ դերակատարություն ունի սպառման ծավալների քչությունը, ու, միաժամանակ, ծախսերի մեծությունը: Եթե մենք սպառեինք 5-6  միլիարդ մետր խորանարդ գազ, գինն ավելի ցածր կլիներ, բայց քանի որ քիչ ենք սպառում, ծախսերը միավորի համար ավելի են մեծանում: Տեխնոլոգիական կորուստների խնդիր կա, կան ուռճացված ծախսեր գազաբաշխման համակարգում, և, իհարկե, գնումների համակարգի հետ կապված հարցեր կան:  Հարկավոր է կատարել արդյունավետ ներդրումներ կորուստների ծավալները քչացնելու համար: Դա չի արվում կամ քիչ է արվում: Այսինքն՝ այս բոլորը պետք է հաշվի առնել:  Գազամատակարարման հանձնաժողովում այդ հարցադրումները կան: Մնում է, որ պատկան մարմինները կարողանան այս խնդիրներին ճիշտ ուղղորդում տալ: Հանրային ծառայությունների հանձնաժողովը, Էներգետիկայի նախարարությունը, եթե կարողանան այս ամենը հաշվի առնել, որոշակի արդյունք, անշուշտ,  կլինի: Բայց որ այս ամենից գազի գինը շատ-շատ իջնի, չեմ կարծում: Ամեն դեպքում, հնարավոր է, որ այս ամենն անելու դեպքում գազի գինն իջեցվի մոտավորապես 10 տոկոսով:

-Այսինքն սովորական քաղաքացին կզգա՞ այդ դրական արդյունքը:

-Եթե վերը նշված քայլերը  արվեն ուղղորդված, որոշակի դրական փոփոխություն կորող է լինել: Բայց մի բան էլ պետք է նկատել: Եթե առաջիկայում պատկան մարմինները կարողանան գնի աճն էլ զսպել, դա արդեն մեծ արդյունք է:

Անդրադառնալով հարցազրույցի թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանն իսկապես կիջեցնի գազի գինը:

-Պարո՛ն Բոստանջյան, Դուք հնարավոր համարու՞մ եք, որ Ռուսաստանը կնվազեցնի գազի գինը:

-Ես մտածում եմ, որ Ռուսաստանն այս հարցում կաջակցի իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին: Ռուսաստանը մինչ այս էլ, երևի փորձել է միջոցներ գտնել՝ Հայաստանի համար գազի գինն էժանացնելու համար: Եթե դա չի արվել, ապա միայն նրա համար, որ մյուս երկրների հետ հարաբերությունները չփչանան: Պետք է ասել, որ ԵՏՄ անդամակցությունը ևս մեծապես կօգնի Հայաստանին, որպեսզի Ռուսաստանը գազի գինը նվազեցնի: ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը մեզ կօգնի ոչ միայն գազի սակագնի էժանացման հարցում, այլև տեխնոլոգիական զարգացումների, ներկրումների, արտահանումների  հետ կապված  հարցերում: Մինչև անգամ հետխորհրդային պետությունները, որ ԵՏՄ անդամակցույթան մեջ չեն մտնում, հնարավորինս աջակցում են միմյանց: Քաղաքականությունը պահանջում է, որ գործընկերների հարաբերությունները լինեն բարիդրացիական:

-Իսկ սովորական քաղաքացու համար գազի սակագինը կէժանանա՞, եթե Ռուսաստանը չմերժի Հայաստանի կառավարության խնդրանքը:

-Ռուսաստանը  գազը վաճառում էր 1000 մետր խորանարդը 189 դոլարով, իսկ հետո՝ 165: Դեռ այն ժամանակ էլ Ռուսաստանը Հայաստանին միջինից  ցածր գնով էր վաճառում: Իսկ որ մեր երկրում գազի գինն ավել արժե, դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, բնականաբար:   Մեր երկրի ներսում պետք է փնտրենք այս խնդրի լուծումը: Առհասարակ, մեր երկրում շատ հետաքրքիր բաներ են կատարվում: Տեսե՛ք, թե նավթի համաշխարհային գներն ինչպես են անկում ապրում, բայց մեր երկրում բենզինի գինը չի իջնում: Միջազգային շուկայում ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, բայց մեր երկրում ո՛չ ալյուրի գինն է էժանանում, ո՛չ էլ հացի: Այնպես որ՝ եթե Ռուսաստանն ընդառաջի  Հայաստանին ու նվազեցնի գազի գինը, բայց սպառողները չզգան այդ  դրական տեղաշարժը, ապա  դրանից հետո մենք պիտի բողոքենք մեր իշխանություններից, ոչ թե Ռուսաստանից: Իշխանությունները սովոր են, որ ասեն՝ դրանք արտաքին գործոններով են պայմանավորված: Հասկացա՛նք էլի... Բայց դե, կարող են անել այնպես, որ գինը հարմար լինի և՛ տնտեսվարողներին, և՛ սովորական քաղաքացուն:

Տնտեսագետների հետ զրուցեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից