Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

ԲՀԿ-ից միայն անունն է մնացել.Արամ Հարությունյան

analitik.am

Ինչպես հայտնի է, Դաշնակցությունն ընդունել է կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ-ի առաջարկը: Այս երևույթին որոշ քաղաքական ուժեր նորմալ են վերաբերում, որոշները՝ ընդհակառակը:

Այս թեմայի, ինչպես նաև ներքաղաքական այլ թեմաների շուրջ   Analitik-ը զրուցել է  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան,  ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ՀՅԴ-ն ընդունել է կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ-ի առաջարկը:

-2014 թվականի դեկտեմբերին Դաշնակցությունը դուրս եկավ քառյակից: Դաշնակների պլաններում այս ամենը երևի արդեն կար: Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում ևս նրանց դիրքորոշումը պարզվեց: Նրանց նպատակը իշխանական կերակրատաշտակից օգտվելն էր: ՀՅԴ-ն ուզում է լծակներ ունենալ, քանի որ այդ կուսակցության վարկանիշն իջել է: Ժամանակին ՀՅԴ-ն լքեց ընդդիմադիր դաշտը, բայց հետո էլ հանրապետականներից ավելի ջերմեռանդ պաշտպանում  էր հանրաքվեն՝ «Այո» էին քարոզում: ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին չի հուզում այն փաստը, որ այս երկու կուսակցությունների միջև կան գաղափարական տարբերություններ: Ոչ վաղ անցյալում Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից՝ հայ-թուրքական հարցերի վերաբերյալ ՀՀԿ-ի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Գոնե այդ հարցում իրենց միջև լուրջ տարաձայնություններ կան, էլ չեմ ասում  գաղափարական տարբերությունները: Չնայած՝ այսօր Հայաստանում կուսակցությունների լիդերների մեծ մասն իր կուսակցության արժեքների կրողը չէ: Բնական է՝ այս կոալիցիան գաղափարական հիմք չունի, ժողովրդին էլ օգուտ չի տա: Ժողովրդի համար մեկ է, թե կերակրատաշտակից քանի հոգի է ուտում:

-Ի՞նք եք կարծում, ԲՀԿ-ն և՞ս  կմիանա կոալիցիային:

-Այսօրվա ԲՀԿ-ն կապ չունի այն ԲՀԿ-ի հետ, որը գոյություն ուներ մինչև 2015 թվականի փետրվար ամիսը: Նրանց շարքերում շատերը չեն կիսում ԲՀԿ-ի այժմյան դիրքորոշումները՝ հատկապես սահմանադրական հանրաքվեի հետ կապված: Ես համոզված եմ, որ այդ էլեկտորատն այլևս իրենցը չի, այսինքն՝ այդ կուսակցությունից միայն անունն է մնացել: Կուսակցության առաջնորդը փոխվել է: Իսկ թե հիմա ով է ղեկավարում այդ կուսակցությունը, արդեն երկրորդական է, քանի որ չի արտահայտում իր շարքերում եղած մարդկանց կարծիքը: Չեմ կարող ասել՝ այդ կուսակցությունն այժմ ով է ղեկավարում, բայց որ Գագիկ Ծառուկյանը չէ, դա հաստատ: Ես շատ եմ շփվում մարդկանց հետ: Շատերն ինձ մոտենում են, արտահայտում իրենց դիրքորոշումը: Սերժ Սարգսյանին այսօր պետք է օգնություն, որ կարողանա հանրապետականների դժգոհությունները ճնշել, ցույց  տալ, որ նրանց կարող է փոխարինել: Այսօր քաղաքական դաշտը շատ պարզ է: Մարդիկ լավ գիտեն՝ ովքեր են ժողովրդի հետ, ովքեր՝ ոչ:

Նույն շարքից