Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

ԵԽԽՎ-ն դարձրել են շուկա. Դավիթ Բաբայան

analitik.am

Երեկ ԵԽԽՎ-ն փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» զեկույցը: Այս բանաձևի ընդունման վերաբերյալ տարբեր հարթակներից հնչում են իրարամերժ կարծիքներ. ոմանք կարծում են, որ այս բանաձի ընդունումը բացասաբար կազդի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վրա, ոմանք էլ նշում են, որ այս  զեկույցը չի կարող ազդու լինել այդ հարցում: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ստեփանակերտը: Այս և սույն թեմային առնչվող այլ խնդիրների վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցն ի՞նչ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում. ինչպիսի՞ն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

-Ասեմ, որ այդ փաստաթուղթը որևէ պարտադիր իրավական ակտ չի պարունակում իր մեջ: Այսինքն՝ կողմերից ոչ մեկը պարտադիր կատարման ենթակա անելիքեր չունի: ԵԽԽՎ-ն այն կառույցը չէ, որ այդպիսի լիազորություններ ունենա: Բայց այս և  այլ փաստաթղթերը կունենան իրենց բացասական ազդեցությունը: Սա պատվիրված փաստաթուղթ էր: Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի ուզում հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել և նույնիսկ երկխոսության պատրաստ չէ:

-Զեկույցում ասվում  է,  թե խախտվել են մարդու հիմնարար ազատությունները. ադրբեջանցիները զրկվել են ջրից, այն էլ՝ միտումնավոր: Ու պետք է արվի հնարավոր ամեն ինչ, ադրբեջանցիների իրավունքները վերականգնելու համար: Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն օգտագործի այս ամենը՝ իր ռազմական գործողությունները լեգիտիմացնելու համար:

-Ադրբեջանն, անշուշտ, այս փաստաթուղթը մեկնաբանելու է տարբեր ձևերով՝ այնպես, որ ձեռնտու լինի իր քարոզչական մեքենային: Ակնհայտ է, որ այս փաստաթուղթը գրվել է ադրբեջանական շաբաշների միջոցով: Այս փաստաթուղթը մեծ ֆինանսական ռեսուրսներ ծախսելու արդյունքում է գրվել: Պարզ է, որ այս փաստաթուղթը գրվել է Բաքվում, պարզապես Մարկովիչը ստորագրել է այդ զեկույցի տակ:

-Այսինքն՝ այս փաստաթուղթը «Խավիարային դիվանագիտության»  արդյու՞նք է:

-Իհարկե, սա և՛ «Խավիարային դիվանագիտության» , և՛ կաշառակերության արդյունք է: Ցավալի է, որ խախտվում են ժողովրդավարության սկզբունքները այնպիսի կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է: Այսպիսի կառույցում պետք է կարևորվեն Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, բայց ԵԽԽՎ-ն  դարձրել են շուկա. կաշառք  են տալիս ու վերցնում: Ակնհայտ է, որ այնտեղ չեն աշխատում ժողովրդավարական սկզբունքները:

-ԵԽԽՎ-ում մեր ներկայացուցչական կազմի մասին ի՞նչ կասեք:

-Տարբեր պրովոկացիոն կարծիքներ են հնչում այս հարցի վերաբերյալ, բայց ես կարծում եմ, որ մեր ներկայացուցչական կազմը նորմալ է եղել: Մեր ներկայացուցիչներն ի՞նչ կարող էին անել, եթե արդեն կաշառքը տրվել էր, բանաձևն էլ ընդունվելու էր... Ավելին՝ մյուս հակահայկական զեկույցը որ չընդունվեց, կարծում եմ՝  դրանում մեր ԵԽԽՎ պատվիրակների վաստակն էլ կա:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից