Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Այս հաղթանակը, բնականաբար, սպասված էր. Զավեն Անդրիասյան

analitik.am

Օրերս Երևանում ավարտվեց շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնությունը: Ինչպես արդեն հայտնել ենք, տղամարդկանց պայքարում ուժեղագույնը Զավեն Անդրիասյանն էր: Նա  վերջին՝ 11-րդ մրցափուլում սևերով ոչ ոքի խաղաց հետնապահ Նորայր Թորոսյանի հետ և 8 միավորով գրավեց առաջին տեղը:

Նորընծա չեմպիոնը զրուցել է Analitik.am-ի հետ՝ պատմելով ոչ միայն իր հաղթական տպավորությունների, այլև հագեցած առօրյայի ու անալիքների մասին:

-Այս հաղթանակը Ձեզ համար սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալ:

-Հաղթանակը, բնականաբար, շատ սպասված էր: 10-րդ անգամ էի խաղում, և միշտ շանսեր ունեի չեմպիոն դառնալու համար: Վերջապես դա հաջողվեց ինձ:

-Հատկապես ո՞ր մրցափուլում էինք ավելի լարված ու անհանգիստ:

-Մինչև վերջին պահն էլ շատ լարված էի, և դեռ մինչև վերջին վարկյանը պայքար էր ընթանում:

-Գաղտնիք չէ, որ շախմատիստներից շատերն ունեն զարմանալի ու նաև տարօրինակ սովորություններ, իսկ Դու՞ք:

-Ես չունեմ, որովհետև չեմ կարծում, որ դա իրականում օգնում է: Սիրում եմ միշտ ամեն ինչ կատարել ճիշտ  ժամանակին, խիստ ռեժիմ եմ պահում մրցաշարերի ընթացքում:

-Շատերը Ձեզ ճանաչում են որպես շախմատիստ: Իսկ ինչպիսի՞ն եք Դուք առօրյայում: Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Ազատ ժամանակը շատ թանկ է. ես շատ քիչ եմ ունենում: Սիրում եմ ֆիլմեր դիտել, տարբեր խաղեր խաղալ ընկերներիս հետ:

-Շախմատից բացի՝ ո՞ր մարզաձևն եք նախընտրում:

-Ֆուտբոլ եմ սիրում: Ինքս էլ բավականին շատ խաղեր տեսել եմ ու պարապել եմ: Մինչև օրս էլ խաղում եմ:

-Մոտ ապագայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

-Մայիսին Եվրոպայի առաջնությանն եմ մասնակցելու, իսկ թե  մինչ այդ ինչ մրցաշարերի կմասնակցեմ, դեռևս  չեմ որոշել:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից