Գիտություն Հոգեբանի անկյուն 

Մարդու ձեռագիրը խոսում է նրա բնավորության մասին

analitik.am

Մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել ոչ միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ, այլ նաև ձեռագրի միջոցով: Այս մեթոդը բոլոր ժամանակներում ակտուալ է եղել։

Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը և այլն:

Իրենց հետազոտություններով հոգեբաններն փորձել են բացահայտել մարդու ձեռագրի և հոգեկանի միջև կապերն ու գաղտնիքները։ Ծանոթանալով ներկայացվող մի քանի առանձնահատկություններին դուք նույնպես կկարողանաք տարբերակել բնավորության որոշ առանձնահատկություններ ըստ ձեռագրի։

Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը եւ փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ եւ հանգիստ մարդկանց: Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով։

Մարդիկ, ում մոտ տառերը մեծ են, սովորաբար օժտված են վառ արտահայտված առաջնորդական ընդունակություններով, ընդ որում նրանք կարող են լինել նաև շատ հուզական և փոփոխական մարդիկ։ Այդպիսի մարդիկ ուրիշների նկատմամբ շատ պահանջկոտ են, բայց իրենք չեն հանդուրժում ոչ մի քննադատություն։ Հոգեբանության տեսանկյունից այդ մարդկանց կարելի է անվանել խոլերիկներ։

Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր:

Կլարավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում կարգուկանոնի եւ չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաեւ համագործաքցելու հակում ունեն:

Խոշոր, հաստ և սուր տառերը վկայում են հեղինակի բռնկուն եւ ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձեւ, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը:

Տառերը, որոնք գրված են առանց թեքության վկայում են, որ ձեռագրի տերն ունի համառ և անվճռական բնավորություն։ Մեծ թեքությունը դեպի աջ, երբ տառերը գրեթե կպնում են տողին, բնորոշ են խանդոտ, սիրո մեջ անկայուն մարդկանց, իսկ ուժեղ թեքվածությունը դեպի ձախ, խոսում է համառ, բայց կոմպրոմիսների համար պատրաստ բնավորության մասին։

Եթե առկա է թղթին շատ ուժեղ սեղմված ձեռագիր, ապա այդ մարդը շատ աշխատասեր է և էներգիայով լի, եթե շատ թույլ է սեղմված, ապա հատուկ է ռոմանտիզմն ու ստեղծագործականությունը։

Ձեռագրի ընթեռնելիությունը խոսում է մարդու մտքի ճկունության, արագության և սրության մասին:

Եթե ձեռագիրը ընթեռնելի է, կարելի է ենթադրել, որ հեղինակը խելացի է, սակայն հակված չէ ստեղծագործական աշխատանքի, իսկ յուրօրինակ տառերի առկայությունը խոսում է հեղինակի ստեղծագործական մտքի, հետաքրքրասիրության և հստակ մտածողության մասին:

Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:
Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը լավատես է, բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին: Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության և զգուշության մասին:

Գրչի թույլ հպումները բնորոշ են ինտրովերտներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր քիչ են արտահայտում իրեն զգացմունքները, մտածում եւ գործում են շատ զգույշ, իրենց կարծիքն արտահայտում են միայն այն ժամանակ, երբ հարցնում են կամ խիստ անհրաժեշտ է:

Գրչի ուժեղ հպումը խոսում է մարդու վճռական և եռանդուն բնավորության մասին: Միջին ուժգնությամբ գրում է մարդկանց մեծամասնությունը: Նման մարդիկ իրավիճակից կախված կարող են արտահայտել կամ թաքցնել հույզերը:

Նույն շարքից