Առողջապահություն 

Մարտի 9-ից կմեկնարկի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

analitik.am

Մարտի 8-ին հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը՝ մարտի 9-ին, մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի՝ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը լրագրողներին է ներկայացրել ամենամյա ակցիայի մանրամասները։ 




«Այս տարի 5 ուղղություն է ընդգրկում ակցիան. երեք վիրահատական՝ աչքի, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական և երկու հետազոտական՝ համակարգչային տոմոգրաֆիայի և վահանաձև գեղձի, այդ թվում և հորմոնների հետազոտություն։ Ինչպես ամեն տարի, նախնական հետազոտությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, որտեղից քաղաքացիներն, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն համապատասխան հիվանդանոցներ՝ նեղ մասնագիտական հետազոտության, ապա, անհրաժեշտության դեպքում, վիրահատության։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:



Ակցիան ավարտվելու է ապրիլի 7-ին. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա վերահսկողություն իրականացնել ակցիայի ընթացքին՝ ընդգծելով, որ բուժսպասարկում պետք է ստանան բոլոր հերթագրվածները»,- ներկայացրել է առողջապահության վարչության պետը և հավելել, որ անկախ դիմումների քանակից, բոլոր հերթագրվածներին համապատասխան բուժօգնություն կցուցաբերվի:



Լրագրողի՝ խախտումների վերաբերյալ մտահոգությանն ի պատասխան՝ Կամսար Բաբինյանը վստահեցրել է, որ ցանկացած խախտման անձամբ է արձագանքելու՝ պարզաբանելու համար խնդիրը։ Առողջապահության վարչության պետն ընդգծել է, որ, օրինակ, անցյալ տարի գրանցված աննախադեպ մասնակցության պայմաններում անգամ քաղաքապետարանը որևէ դժգոհություն չի ստացել և առաջարկել է խախտման դեպքում ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժսպասարկման է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի. վիրահատվել են 1936-ը, ընդ որում՝ կատարվել է աչքի շուրջ 800 վիրահատություն։

Նույն շարքից