Գլխավոր Հայաստան Հասարակություն Հարցազրույց Ռազմական 

Կգա ժամանակը իմ տղան էլ բոլոր հայ տղաների պես կգնա բանակ. Շուշան Պետրոսյան

analitik.am

Բանակի ու հայրենասիրության մասին յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումները: Հայրենասիրությունը յուրաքանչյուրիս արժեհամակարգում կերտվում է տարբեր կերպ: Հայրենասիրության մասին վեհաշունչ բառեր ասողները, ինչ խոսք, շատ են, իսկ հայրենիքն անզուսպ ու խենթ սիրով սիրողները, դրա կայացման ու ծաղկման գործում վաստակ ունեցողները հաճախ համեստորեն լռում են: Analitik.am-ի թղթակիցն այս թեմայի մասին զրուցել է երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար ‹‹հայրենիք›› և ‹‹բանակ›› հասկացությունները:

–Մեր բանակը Հայի տան մանչն է, որ մեծացավ ու կայացավ մեր աչքի առաջ: Մեր՝ 88-ի սերունդը, տեսել է Հայոց Բանակի ծնունդը, որ հիմա արդեն հասուն է ու 25-ի շեմին։ Առհասարակ բանակի մասին խոսելիս պետք է միշտ զգոն լինել, միշտ հնարավորինս ուշադիր։ Պատերազմը մեծ հաշվով չի ավարտվել ու մենք գիտենք թե ով է, ինչպիսին է ու ինչի է ընդունակ մեր թշնամին: Այսօր ամեն հայ է զինվոր, պիտի այդպե'ս լինի։ Պարզապես կան դասալիք, դավաճան ու արժանապատիվ հայորդի «զինվորներ»: Մեր բանակն ինձ համար եկեղեցու պես է: Դիրքերը պահող տղերքի շնորհիվ մենք խաղաղ ու հանգիստ լուսաբացներ ենք դիմավորում, ուրեմն փառք ու պատիվ իրենց արիությանն ու ոգուն։ Հարց եմ ուզում տալ … Կա՞ արդյոք որևէ ոլորտ, որտեղ խնդիրներ չեն ծագում։ Բանակում ծառայող սպան, զինվորները ծնվում ու ձևավորվում են տարբեր ընտանիքներում և միջավայրերում, տարբեր մշակույթներ են կրում, ուրեմն բախումներն անխուսափելի են, եթե փաստենք նրանց տաքարյուն տարիքը, տարաբնույթ արժեհամակարգը։ Տրամաբանական է, որ երբեմն պիտի լինեն ներքին խնդիրներ, բախումներ, քանի-որ բանակը երկիր է երկրի մեջ, ուր կա ամեն ինչ ու ամեն ոգ: Այս պարագայում մեկի սխալի, անզգուշության պատճառով բոլորին որակելը նույն, անպարկեշտ բառերով անընդունելի եմ համարում։ Ես գիտեմ, թե ինչ ասել է բանակ, թե ինչ ասել է զինվոր, թե ինչ ասել է Հայրենիք: Սրտովս ու արյամբ գիտեմ։

-Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է դաստիարակել երեխային, որ նա դառնա հայրենասեր ու հայրենանվեր մարդ:

-Տնից, մանկապարտեզից, դպրոցից պետք է սկսել, այսինքն հե'նց սկզբից։ Օրինակ հային հայ պահելու հիանալի օրինակներ են Արսեն (Մրրո) Գրիգորյանի ‹‹Գութան›› փառատոնը, Գագիկ Գինոսյանի ‹‹Կարին»-ը, «Սասնա Ծռեր»-ը։ Նրանք հայ երգ, հայկական պար սովորեցնելով իրենց շուրջ հավաքված երիտասարդությանը, փայլուն աշխատանք են կատարում։ Հավատացած եղեք, յարխուշտա պարող տղան, երբեք չի խուսափի զինվորական ծառայությունից։ Եկող տարի մեծ որդիս է բանակ գնալու: Երբեմն ինձ հարցնում են, թե ի՞նչ պիտի ձեռնարկեմ այդ առումով, ես էլ զարմանում եմ, չգիտեմ ինչ պատասխանել։ Կգա ժամանակը նա էլ բոլոր հայ տղաների պես կգնա ծառայելու: Այլ քննարկումներ լինել չեն կարող: Հայ զինվորների ու բանակի մասին հոգատարությամբ ու խնամքով է պետք խոսել, այլապես ուրախացնում ես բորենու պես բոլոր հնարավոր սոց ցանցերով, քեզ անվերջ հետևող թշնամուն, որը հետո քո գուցե սրտացավ, գուցե մտահոգ, բարկացած ,անզգուշ, չմտածված որևէ բառ օգտագործում է հե'նց քո դեմ: Ամենուր է օգտագործում, միջազգային ատյաններից սկսած մինչև իրենց լրատվություն, այդպիսով «թոզ փչելով» իր երկրի քաղաքացու աչքերին, կոծկելու համար Հայ զինվորի հանդեպ տածած ահն ու սարսափը։

Գիտե՞ք, կարծում եմ, առհասարակ հայը հային պիտի պահի, արդեն ժամանակն է .....

Փառք ու պատիվ Հայոց բանակին

Նույն շարքից