Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ինձ համար ընդդիմադիր ուժն այն ուժն է, որը ժողովրդին չի հիասթափեցնում. Արամ Հարությունյան

analitik.am

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն առաջարկում է    հայաստանյան մյուս ընդդիմադիր ուժերին մարտի մեկին համատեղ հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում: Կմիանա՞ արդյոք «Ազգային համաձայնություն» կուսակցությունը  «Նոր Հայաստան»-ին: Այս հարցի  վերաբերյալ Analitik.am-ը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ:

 «Ընդհանրապես այսպիսի հարցերն անհրաժեշտ է քննարկել: Իրենց հնչեցրած պահանջները հասկանալի են, բայց սխալ է, որ մեկն ասի եկեք, մյուսներն էլ գնան, միանան: «Նոր Հայաստան»-ը այսպիսի անհաջող փորձեր արդեն իսկ արել է, և կարելի է ասել` հետևողական չի եղել: Թվում է` հետևողական է, բայց այդպես չէ: Չի' կարելի  առանց կոնսուլտացիաների գնալ Ազատության հրապարակ ու նման քայլեր ձեռնարկել: Այսպիսի հարցերին հարկավոր է ավելի լուրջ վերաբերվել:  Իրենք չեն որոշում, թե ով է ընդդիմադիրը», - նշեց Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանն ունի իր չափանիշները քաղաքական ուժին  ընդդիմադիր անվանելու համար:

«Կոնկրետ ինձ համար ընդդիմադիր ուժն այն ուժն է, որը ժողովրդին չի հիասթափեցնում: Իսկ եթե մի քաղաքական ուժ չի նպաստում համախմբմանը, դա նշանակում է, որ տվյալ քաղաքական  ուժն անուղղակի կերպով ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին: Ինձ համար ընդունելի տարբերակ չէ այն, որ մեկն ասում է` ով իրեն ընդդիմադիր է համարում, թող գա, կանգնի կողքս: Այդ ոճը հաջողության գրավական չի: Այն չի նպաստում համախմբմանը: Ինձ  համար ընդդիմադիր են նրանք, ովքեր դատապարտում են փետրվարի 12-ի ելույթը: Մոտ 400 000 մարդ «Ոչ» ասաց, բայց այս հանրահավաքներին 50 հոգի էլ չի հավաքվում: Դա նշանակում է` մի բան այն չէ»:

Արամ Հարությունյանը նշեց, որ, անշուշտ, Շանթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը պետք է դուրս գան բանտից, բայց իր համար ընդունելի չէ «Նոր Հայաստան»-ի որգեգրած քաղաքականությունը:

«Չեմ էլ ուզում մեկնաբանել նրանց ասածները: Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ  «Նոր Հայաստան»-ի ասածները: Ավելի լավ է, թող իրենք իրենց նախկին ասածները մեկնաբանեն»,- եզրափակեց Արամ Հարությունյանը:

Նույն շարքից