Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Ադրբեջանի մուտքը «ՎՏԲ բանկ» արտոնե՞լ է ՀՀ Կենտրոնական բանկը

analitik.am

Analitik.am-ը բազմիցս անդրադարձել է «ՎՏԲ բանկին» և դրա միջոցով Ադրբեջանի կողմից իրականացվող գործունեությանը:

Նշենք, որ այս թեմային ժամանակին անդրադարձել են նաև այլ ԶԼՄ-ներ, որոնք դեռևս անհայտ պատճառներով չեն շարունակել թեման:

Այսպես՝ 2014 թ-ին Hetq.am կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից «ՎՏԲ Բանկում» բաժնեմասեր ձեռք բերելուն և անգամ հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական Բանկ:

ՀՀ ԿԲ-ն պատասխան է ուղարկել, որտեղ նախ աղավաղել է ակնհայտ փաստերը, այնուհետև նշել, որ տեղեկացված է, բայց որևէ վատ բան չի տեսնում նրանում, որ «Ադբեջանը ՎՏԲ բանկում» բաժնեմասեր է ձեռք բերել:

ՀՀ ԿԲ-ն, խառնելով ՀՀ և ՌԴ բանկային օրենսդրությունները, հայտարարել է, թե Ադրբեջանն իբր չի հանդիսանում ուղղակի և նշանակալից մասնակից «ՎՏԲ Բանկում»: Մինչդեռ հենց այդ նույն պատասխանում նշում է, որ «ՎՏԲ Բանկը» հանդիսանում է «ՎՏԲ- Հայաստան Բանկի»100% սեփականատեր և մասնակից, ուստի մեր օրենսդրությամբ համարվում է ուղղակի և միակ նշանակալից մասնակից:

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկի» 100% սեփականատեր Ռուսական ՎՏԲ Խմբի 3% սեփականատերն է Ադրբեջանը, որը արդեն ՌԴ օրենսդրությամբ հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող մասնակից:

Ի դեպ, այս մասին հստակ նշված է «ՎՏԲ Բանկի» կայքում, ուղղակի տեքստը ռուսերեն է, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ գուցե ՀՀ ԿԲ-ն ռուսերենից հայերեն գրագետ թարգմանության խնդիր ունի: Սակայն ՀՀ ԿԲ-ի ապատեղեկատվության զավեշտն այսքանով չի սահմանափակվում. Իր պատասխանում ԿԲ-ն նշում է, որ Ադրբեջանը չի հանդիսանում «ՎՏԲ-Հայաստան բանկի» իրական շահառու:

Փաստորեն, ըստ ՀՀ ԿԲ-ի, եթե մենք սեփականատեր ենք ինչ-որ ձեռնարկությունում, ապա չենք հանդիսանում այդ ձեռնարկության իրական շահառու և անհասկանալի է այդ դեպքում, թե ինչի՞ համար ենք հարկեր և տուրքեր վճարում:

Ըստ ՀՀ ԿԲ-ի, Ադրբեջանը, ելնելով մարդասիրական մղումներից, ուղղակի ներդրել է 500 միլիոն դոլար գումար ՎՏԲ Բանկում, տնօրենների խորհրդում նշանակել է իր անդամին, սակայն ոչ մի շահույթ չի հետապնդում, ոչ էլ օգուտ է ստանում: Իրոք որ, շատ «բարի» են Ադրբեջանցիները :

Հատկանշական է նաև այն, որ ՀՀ ԿԲ-ն Ադրբեջանի կողմից ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելը, շահույթ և տեղեկատվություն ստանալը համարում է շատ նորմալ երևույթ: Ստացվում է, որ հենց ՀՀ ԿԲ-ն է արտոնել Ադրբեջանի մուտքը ՀՀ տնտեսություն:

Այս հանգամանքներում կարծում ենք, որ ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչի՞ց դրդված է ՀՀ ԿԲ-ն այդպիսի եզրահանգումների եկել և ակնհայտ ապակողմնորոշել ինչպես ՀՀ հասարակությանը, այնպես էլ բարձրագույն իշխանությանը:

Նույն շարքից