Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դեմ քրեական գործ է հարուցվել

analitik.am

 Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական Կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 214 հոդվածի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սույն քրեական գործը հարուցվել է երեք քաղաքացիների հաղորդումների հիման վրա: Ըստ հաղորդման` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները հիփոթեքային վարկեր են տրամադրել քաղաքացիներին առանձնատներ ձեռք բերելու նպատակով և գումարը անմիջապես փոխանցել են կառուցապատողին:

Հետագայում պարզվել է, որ կառուցապատման ենթակա հողատարածքները գյուղատնտեսական նշանակության են, իսկ հիպոթեքային պայմանագրում նշված առանձնատների հասցեները գոյություն չունեն: Սույն հանգամանքն ինքնին բացառում է այդ տարածքում առանձնատների կառուցումը և բանկի աշխատակիցն այն չնկատել չէր կարող, սակայն նույնիսկ այս հանգամանքներում այդ գոյություն չունեցող առանձնատները վերավաճառվել են կառուցապատողի կողմից նախավճարի պայմանագրով այլ անձանց:

Հիպոթեքային պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, սա էլ է բնական, քանի որ ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ նոտար, ով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա գոյություն չունեցող առանձնատան գնման հիպոթեքային պայմանագիր կվավերացներ: Սակայն խախտումներն այսքանով չեն ավարտվում. Վարկառուներին վարկն ամբողջությամբ չի տրամադրվել, այլ գումարի 10%-ը սառեցվել է այն նպատակով, որ եթե վարկառուն վարկային պարտավորությունները պարտաճանաչ չկատարի, ապա բանկը սառեցված գումարներով ապահովի վարկի մարումները: Սակայն այդ գումարները նույնպես անհետացել են հաշիվներից:

Արդյունքում` 1.Քաղաքացիներն իրենց առանձնատները չեն ստացել և չէին էլ կարող ստանալ, քանի որ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցապատում անելն ուղղակի անհնար է:

2.Վարկի գումարը չեն ստացել, քանի որ ըստ բանկի պայմանագրի, այն փոխանցվել է կառուցապատողին:

3.Վարկառուների հաշվից անհետացել են 10% սառեցված գումարները:

4.Վարկառուների վրա օդից առաջացել է վարկային պարտավորություններ և այժմ բանկը դատական կարգով վերջիններիցս պահանջում է վարկի ամբողջ մարում` ներառյալ նրանց հաշիվներից անհետացած վարկի գումարի 10%-ը:

Ի դեպ ընթացող քաղաքացիական գործով բանկի հարգարժան իրավաբանին, երբ հայցվորի կողմից հարց ուղղվեց, թե ինչպես է այս խայտառակությունը հնարավոր եղել, վերջինս ուղղակի պատասխանեց «Մենք բանկ ենք և ինչ կուզենանք կանենք»: Դե ինչ, մնաց նախաքննության ընթացքում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին բացատրվի, որ ՀՀ-ում գործում են ՀՀ-ի օրենքները և մեր երկրում օտարերկրյա, առավել ևս ադրբեջանական կապիտալով բանկն ինչ ուզենա չի կարող անել:

Նույն շարքից