Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Եթե մարդիկ հետապնդում են անձնական բարեկեցություն, ապա դա չի տեղավորվում կուսակցության գծի մեջ. Բոստանջյանը՝ ԲՀԿ-ի մասին

analitik.am

Տևական ժամանակ է մամուլում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներքին խմորումները, մասնավորապես, ընդդիմադիր լինելու հարցի շուրջ անհամաձայնությունները, որոնք հանգեցրին կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հրաժարականին, ինչից հետո սկիզբ առան խոսակցություններ նրա և մի շարք այլ պատգամավորների կուսակցությունը լքելու մասին:

Analitik.am-ը այս հարցի շուրջ զրուցել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, ով համոզմունք հայտնեց, որ կուսակցությունում ընդամենը ընթանում են ինքնամաքրման գործընթացներ:

«Ես համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ինքնամաքրման պրոցես է ընթանում և դա ողջունելի է, հասկանալի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժի ընդհանուր կեցվածքը ճիշտ է և ովքեր համաձայն չեն, բնականաբար, դուրս են գալիս և այդ էլ եմ ողջունում: Ցանկացած կազմավորում, հատկապես քաղաքական ուժ, պետք է հստակ դիրքորոշում ունենա զարգացման ուղղությամբ, այդ առումուվ ԲՀԿ-ին ես ողջունում եմ ու ընդունում եմ: Ինքս էլ եղել եմ քաղխորհրդում, հանգամանքների բերումով ունեցել եմ ավելի քիչ շփում, սակայն գտնում եմ, որ կուսակցությունը պետք է ավելի ուժեղանա և ես պատրաստ եմ այն բոլոր ընկերների հետ, որոնք հայրենասիրական առումով, քաղաքական առումով դրսևորվել են դեռևս 2007 թվականից, անել ամեն ինչ, որպեսզի մեր երկրի սոցիալ տնտեսական վեկտորների զարգացմամբ պայմանավորված դրական ուղղությունը տեսնենք ավելի լավ, քան ներկայում է», -ասաց Բոստանջյանը:

Պատասխանելով այն հարցին, թե կուսակցությունը լքել պատրաստվող անձիք խանգարո՞ւմ էին, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նման ծանրաբեռնվածություն վերցնել իմ վրա և ասել, որ այդ անձիք խանգարում էին, բայց ստացվում է , որ խանգարում էին, եթե մարդիկ իրենց նկրտումներով հետապնդում էին անձնական բարեկեցության և այլ նպատակնե, բնականաբար, դա չի կարող տեղավորվել կուսակցական գծի մեջ»:

Վարդան Բոստանջյանը կարծում է, որ կուսակցությունը հնարավոր է այս խմորումներից թուլանա. «Այս զարգացումները չորակենք դրական կամ բացասական, դա ընդհանուր առմամբ կարելի է որակել ինքնամաքրում: Իսկ եթե դրանից կուսակցությունը թուլանա, մենք պետք է կորուստների պարագայում այնպիսի գործունեություն ծավալենք, որ կուսակցությունն ավելի ուժեղանա, սակայն ցանկալի չի պահել մի ամբողջություն, որը որակական առումով ամբողջություն չի ներկայացնում»,- եզրափակեց Բոստանջյանը:

Նույն շարքից