Հասարակություն 

GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իր նոր ծրագրերը

analitik.am

Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:

Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրին եւ կարեւորելով ՀՀ բնապահպանության նախարարության եւ GIZ-ի  համագործակցությունը՝ կապված կենսաբազմազանության կայուն կառավարման հետ, առաջիկա առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Թոմաս Էբերհեռն, իր հերթին կարեւորելով ակտիվ համագործակցությունը, ներկայացրել է 2009-ից Հայաստանում գործող «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված եւ առաջիկայում իրականացվելիք գործողությունների ընթացքը, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախատեսվող հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված անտառային եւ արոտավայրերի կառավարման ոլորտում հեռահար զոնդավորման, ԱՏՀ-ի /GIS/, անտառակառավարման տեղեկատվական համակարգի եւ այլ նորարարական մեթոդների կիրառման հետ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, գնահատելով GIS համակարգի ներդրումը անտառային եւ արոտավայրերի կառավարման ոլորտում, ընդգծել է նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներում այդ համակարգի ներդրման, տվյալների հիմնարար  բազա ունենալու կարեւորությունը եւ հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կողմերին կհաջողվի բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

Նույն շարքից