Հասարակություն 

Դատախազը Յուրի Վարդանյանի որդու համար 4,5 տարի է պահանջում. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ»  թերթը գրում է. «Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը:

 

Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Վահան Հայրապետյանը: Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Դավիթ Վարդանյանը դեռևս նախկինում կայացած դատական նիստերի ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել և ինքնախոստովանական ցուցմունքի ժամանակ նշել, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռքբերել է իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում և ոչ թե` մաքսանենգության ճանապարհով:

 

 Գարիկ Դանիելյանը մեղադրականի ընթերցման ժամանակ, հղում անելով վկաների ցուցմունքներին և մինչև օրս ձեռքբերված փաստերին, նշեց, որ ամբաստանյալի ներկայացրածը մտացածին է, իսկ բերած փաստարկները` անհիմն: Դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել և 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ազատազրկում`հաշվի առնելով նաև անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից