Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստանի բաժանումը 13 ընտրատարածքի լուրջ խնդիր է. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

analitik.am

Ընտրական օրենսգրքի քննարկման գործընթացի, դրական և բացասական ազդեցությունների, ինչպես նաև  ակնկալվող արդյունքների շուրջ Analitik.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանի հետ:

-Իշխանությունները ներկայացրել են Ընտրական Օրենսգրքի նախագիծը, քննարկման գործընթացներն ի՞նչ փուլում են:

 Իշխանությունները ներկայացրել են Ընտրական Օրենսգրքի նախագիծը և բոլոր ուժերն ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնում է գրեթե նույն մտահոգությունները և սկսվել է քննարկումների փուլը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս տեսնում է շատ հստակ մտահոգիչ երևույթ. Այս մոդելը, իրականում, ոչ թե 100 տոկոս համամասնական, այլ ընդհակառակը մեծամասնական ընտրակարգ է և խնդիրն այստեղ ռեյտինգային համակարգի մեջ չէ, այն իշխանությունը հանգիստ կարող է զիջել ու դրանից էությունը չի կարող փոխվել: Խնդիրն այստեղ Հայաստանի բաժանումն է 13 ընտրատարածքի, որտեղ մարզերն են և Երևանը՝ բաժանված  4 մասերի, իսկ Սյունիքն ու Վայոց ձորը միացվել են, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն պետք է ներկայացնի առանձին ցուցակ, ինչը նշանակում է, որ եթե առաջ Ազգային ժողովը ձևավորվում էր 41 մեծամասնական պատգամավորով, ապա հիմա 100 տոկոս ձևավորվելու է մեծամասնականի շնորհիվ, այդ բոլոր տեղամասերում իշխանությունն առաջադրելու է երկու կամ երեք քրեաօլիգարխիկ անդամների և պայքարը գնալու է ոչ թե գաղափարների մեջ, այլ թե ով ում ինչ լավություն արեցի սկզբունքով: Հիշեցնեմ, որ վերջին ընտրություններում 41 մեծամասնական պատգամավորից միայն Վանաձորում է հաղթել ընդդիմության ներկայացուցիչ:

- Իշխանության կողմից նշվում է, որ 100 տոկոս համամասնականի անցնելու դեպքում խորհրդարանը կվերածվի երևանյան ակումբի, այս հարցի շուրջ ի՞նչ տեսակետ ունեք:

Նույն Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը 2004-2005 թվականին մշակել էին հարյուր տոկոս համամասնական օրինագիծ նույն ռեյտինգային ձևաչափով, որտեղ այդ խնդիրը լուծված է և դա այն է, ինչն անհրաժեշտ է Հայաստանին, սակայն այդ դեպքում իշխանությունները ստիպված էին լինելու օլիգարխներին դուրս մղել ցուցակից, քանի որ վտանգ կար, որ ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը չեն ընտրվի և դուրս կմնան ցուցակներից:

- ԸՕ նախագծով նախատեսվում է նաև գունավոր քվեաթերթիկներ կիրառել, սա իրենից ի՞նչ վտանգ է ներկայացնում:

Չօգտագործված թերթիկներն ըստ նախագծի պետք է գցել արկղ, սակայն երաշխիք չկա, որ այդ չօգտագործված իսկական նմուշի թերթիկները դուրս չեն գա ընտրատեղամասից, որը կարող է բերել երկու վտանգի՝ կարող են իմանալ ում է ընտրել , որը կառուսելի յուրատեսակ ձև է, կամ տեղամասից դուրս հայտնվում է մեծ քանակությամբ քվեաթերթիկներ և վստահված անձը վերցնի և հաշվարկի ժամանակ խառնի թեթիկներին՝ խաթարելով պրոցեսը ու չեղյալ հայտարարի ընտրությունները:

 -Բացասական կողմերը սահմանափակվում են այսքանո՞վ:

Կան նաև բազմաթիվ այլ բացասական կողմեր՝ օրինակ լրագրողների և դիտորդների քանակի սահմանափակումը, ազգային փոքրամասնությունների ներկայացված լինելը:Ենթադրենք ուժ ես, որ չես կարող գտնել լիբերալ արժեքներով եզդի, կամ քուրդ և չես կարող առաջադրես, այդ դեպքում ի՞նչ անես, այս հարցում ևս պետք է այլ մեխանիզմ մշակել:

 -Իսկ ի՞նչ դրական կողմ կարող եք նշել:

Որպես դրական կողմ եմ նշել Վանաձորի և Գյումրու առանձնացումը, որտեղ կիրառվելու է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ: Օրինակ, երբ քաղաքապետն ընտրվում էր մեկ ուժից, իսկ ավագանին այլ ուժից, դա բերում էր նրան, որ այդ քաղաքապետը ոչ մի գործունեություն չեր կարողանում ծավալել, իսկ այժմ այդպես չէ և քաղաքապետը կկարողանա իր ծրագրերն ու խոստումներն իրականացնել:

-Ի՞նչ ակնկալենք ընդիմությունից: Ի՞նչ աշխատանքներ են տարվում, որպեսզի ներկայացվի անթերի ԸՕ նախագիծ:

Ընդդիմության մոտ նույն մտահոգություններն է, ուղղակի կա առաջնահերթության խնդիր և այժմ գնում են բանակցություններ ու խորհրդակցություններ: Եթե հաջողվի մեկ դիրքորոշում հայտնել,  շատ լավ կլինի և գուցե հնարավոր լինի այնպես ճնշել իշխանությանը, որ գնան զիջումների, հակառակ պարագայում ընդդիմությունը հայտնվելու է բավական ծանր վիճակում: Եթե իշխանություններից զիջումներ չկորզենք, ապա «Լուսավոր Հայաստան»-ն իր մեկ մանդատն օգտագործելով դեմ է քվեարկելու Ընտրական Օրենսգրքին:

Նույն շարքից