Հասարակություն 

Դասախոսները բաց նամակ են գրել Հովիկ Աբրահամյանին

analitik.am

Բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաեւ մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից: Այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակում նշել են պետական բուհերի մի խումբ դասախոսներ:

Նամակում ասվում է.

«Ձեզ ենք դիմում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդրով, որի հետեւանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաեւ մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից:

Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս մասնավոր ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վարձու աշխատողներին:

Հայաստանի Հանրապետությունում պետական բուհերն ունեն հենց պետական ոչ առեւտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձեւ: Հետեւաբար, բուհերի որեւէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաեւ մասնավոր ընկերություններում:

Հարգելի պարոն Աբրահամյան,

Մենք երբեւէ չենք վերաբերվել բուհին՝ որպես եկամտի աղբյուրի: Համալսարանը մեզ համար միշտ եղել է հարազատ տուն, որը պետք է պահպանել առանց որեւէ նյութական շահի: Դա է պատճառը, որ մենք, ունենալով մասնավոր ոլորտում համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանք, զոհաբերել ենք այդ աշխատանքին տրվող ժամանակի մի մասը համալսարանական կրթությանը որոշակի նպաստ բերելու համար՝ դրա դիմաց ստանալով չնչին վարձատրություն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նշված փոփոխություններից հետո իրավիճակն այլ է: Դժգոհություն երբեւէ չէր առաջանա, եթե սոցիալական վճար հաշվարկվեր միայն բուհից ստացվող աշխատավարձից: Պարզաբանում ստանալու համար մենք դիմել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջինից ստացված նամակը (կից ներկայացվում է) անվերապահորեն պնդում է, որ մասնավոր ընկերությունում եւ ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատող անձը չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից:

Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլեւ մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետեւաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլեւ կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը: Արդյունքում, համալսարաններում դասավանդելու համար մենք հարկադրված կլինենք տրամադրելու ոչ միայն ժամանակ, այլ նաեւ՝ փաստորեն, որոշակի գումար:

Հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ գիտնականների` կրթության եւ գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու պատրաստակամությունն ու սրտացավությունը` խնդրում ենք Ձեզ ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր, այլապես, ամենայն հավանականությամբ, շատ երիտասարդ դասախոսներ ստիպված կլինեն հրաժարվել համալսարաններում դասավանդելուց»:

Նույն շարքից