Հասարակություն 

Փոխքաղաքապետ. դպրոցներում դրամահավաքության դեմ պայքարելու ենք նաեւ թեժ գծերով

analitik.am

Դպրոցներում դրամահավաքություն երեւույթի դեմ քաղաքապետարանը պայքարել ու պայքարելու է խստությամբ, այժմ արդեն թեժ գծերով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Էապես նվազել է այդ երեւույթը, դեպքեր եղած պարագայում էլ, ինչպես, օրինակ, նախորդ տարի 3  դպրոցներում վարչական տույժեր կիրառվեցին, հավաստիացնում եմ մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է նա:

Այս տարի առաջին անգամ է, որ խորհրդակցությունից հինգ օր առաջ հիմնական բոլոր դպրոցների տնօրենները էլեկտրոնային փոստով նախապես ստացել են Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության տարեկան աշխատանքային պլանը, ինչը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, տնօրենների առաջարկներն ու դիտարկումներն առավել թիրախային դարձնելուն է նպաստելու։

«Աշխատանքային շաբաթվա ընթացքում ստացել ենք տնօրենների հարցերը, դիտարկումները, առաջարկները, խմբավորել ենք։ Այսօրվա խորհրդակցությանը մասնակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների եւ ֆինանսական վարչությունների պետերը, քանի որ պարզ դարձավ, որ տնօրեններին մեծամասամբ հետաքրքրում է գնումների գործընթացքը, որին մեծ ուշադրություն է կենտրոնացրել Երեւանի քաղաքապետը, որպեսզի համայնքային բյուջեով դպրոցներին հատկացված գումարները նպատակային եւ գրագետ օգտագործվեն։ Շատ կարեւոր հարցեր ունենք նաեւ ուղղված ՀՀ ԿԳՆ-ին. հրավիրված է փոխնախարարը եւ կպատասխանի նաեւ բովանդակային խնդիրներին, կրթական կարգերին առչվող հարցերին,  որոնք աշխատանքային գործընթացում նկատվում են եւ, միգուցե, շտկվելու կարիք ունեն»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ոլորտի բարելավմանն ուղղված ձեռնարկումներում կարեւորել է նաեւ այս խորհրդակցությունը։ Փոխնախարարն առաջարկել է առավել աշխույժ լինել մարզերի դպրոցների հետ համագործակցության հարցում, քանի որ շատ դեպքերում հենց մայրաքաղաքի դպրոցներն են ուղենիշ դառնում երկրի այլ համայնքների դպրոցների համար։ Մանուկ Մկրտչյանը պատասխանել է նաեւ տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներառական կրթության կարգին, դպրոցներում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընդլայնմանը, հասարակության շրջանում դպրոցի դիրքի ամրապնդմանը եւ այլն։

Նույն շարքից