Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ընդդիմադիր դաշտում շատերը կփորձեն գրավել այդ «սուրբ տեղը». Կարեն Քոչարյան

analitik.am

ՀՀ նախկին արտգործնախարար ու ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել:

Analitik.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից փորձեց պարզել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ քաղաքական դաշտում Օսկանյանի կուսակցություն ստեղծելու գաղափարը՝ առաջիկա ընտրական պայքարին ընդառաջ:

-Պարոն Քոչարյան, Հայաստանի ներքաղաքական ոլորտի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրությունը:

– Կարծում եմ՝ սա դեռ սկիզբն է. ներկա փուլում ընդդիմադիր դաշտը դատարկ է, ուստի շատերը կփորձեն գրավել այդ «սուրբ տեղը», ընդ որում, ընդդիմադիր դաշտի և՛ հին, և՛ նորաստեղծ կուսակցությունները: Թե ի՞նչ ազդեցություն կունենան նրանք քաղաքական դաշտում, ժամանակը ցույց կտա, դա կախված է նրանից, թե որ դաշտում նրանք կգործեն, ինչ վեկտորով հանդես կգան՝ արևմտամետ, թե ռուսամետ, ռադիկալ են, թե ոչ և այլն:

– Իսկ Օսկանյանի անձը նորաստեղծ կուսակցության համար արդյունավե՞տ կլինի, թե՞ վնասակար:

– Եթե Օսկանյանի հետևում կանգնած չլինեն այլ ուժեր, ապա միանշանակ՝ արդյունավետ:

– Իսկ նրա Ազգային ժողով անցնելու շանսերն ինչպե՞ս կգնահատեք:

– Հավասար, ինչպես բոլորինը:

– Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ կանխատեսվու՞մ են:

-Հիմա քաղաքական դաշտում սկսվել է նախընտրական պայքարը՝ իշխանական դաշտում իրար դեմ են պայքարում, ընդդիմադիր դաշտում՝ իրար: Ցայտուն օրինակ է ամերիկյան քարոզարշավը, որտեղ հանրապետականները հանրապետականների դեմ են մրցում, իսկ դեմոկրատները՝ միմյանց դեմ: Երբ փրայմերից հետո այդ կուսակցությունների միջից կընտրվեն լիդերներ, երկու կուսակցությունները արդեն կսկսեն պայքարել միմյանց դեմ: Նույնն այստեղ է լինելու՝ իշխանությունը իշխանության դեմ է պայքարելու, ընդդիմադիրները՝ ընդդիմադիրների դեմ: Դիրքավորվելու են իշխանական դաշտի կուսակցությունները, դիրքավորվելու են ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, ռուսամետներն իրար են քլնգելու, արևմտամետները՝ իրար, որովհետև ամեն մեկն իր դաշտում տեղավորվելու խնդիր ունի: Եվ միայն դիրքավորվելուց հետո պայքարը կընթանա կոնկրետ  ընդդիմության ու իշխանության միջեւ, կլինեն միավորումներ, սակայն բացառվում է արեւմտամետների ու ռուսամետների դաշինքը: Սա կլինի ընտրություններից 3 ամիս առաջ:

-Այս պահին կուսակցություն ստեղծելու որոշումը ուշացած չէ՞, հաշվի առնելով, որ ընտրություններին շատ չի մնացել:

-Բոլոր կազմավորված կուսակցություններն էլ նոր են, մի քանի ամիս այս կողմ, այն կողմ՝ էական չէ: Եթե նոր դեմքեր հայտնվեին, միգուցե ուշացած լինեին, սակայն ներկայումս կուսակցությունները կընկալվեն ոչ թե գաղափարական հիմքերով, այլ դրա լիդերների վարկանիշը հաշվի առնելով:

Նույն շարքից