Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Հայտնի են «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները

analitik.am

Հայտնի են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Ավրորա» մարդասիրական մրցանակի չորս հավակնորդների անունները: Այդ մասին գրում է The New York Times-ը: Նրանք են Բուրունդիում մանկատան հիմնադիր Մարգարեթ Բարանքիթսը, Սուդանում հաստատված նյուրոքցի բժիշկ Թոմ Քաթենան, պակիստանցի փաստաբան Սյեդա Ղուլամ Ֆաթիման, ով աղքատներին օգնել է ազատվել իրենց պարտքերից, կաթոլիկ հոգևորական Բերնարդ Քինվին, ով Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ավելի քան 1,000 մուսուլմանների, մասնավորապես կանանց և երեխաների, կյանք է փրկել:

Մրցանակի հավակնորդները ներկա կգտնվեն ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը, որի ժամանակ հայտնի կդառնա հաղթողը:

«Նրանք աստղեր չեն: Նույնիսկ զարմացած են, որ արտաքին աշխարհից ինչ-որ մարդիկ նկատել են իրենց», - ասել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։

Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ հազարավոր վերապրումի ու խիզախության անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին 2016 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։ Դափնեկիրը ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։

Նույն շարքից