Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Քաղաքական կյանքն այժմ լի է տարատեսակ շոուներով եւ սերիալներով.Վահան Բաբայան

analitik.am

«Ներքաղաքական զարգացումների մասին շատ գնահատականներ են հնչում, շատ խոսակցություններ կան, բայց հիմնականում հասկանալի է, որ սա նախընտրական տարի է լինելու, լի տարատեսակ շոուներով եւ սերիալներով: Սա կարող է հետաքրքրություն առաջացնել այն շերտի մոտ, որը ցանկանում է այդ շոուները տեսնել»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Ըստ պատգամավորի՝ շոուներից բացի, կա նաեւ քաղաքական սերիալ կազմակերպելու ինչ-որ մոլուցք, որպեսզի շատերին հետաքրքրի, թե այս կամ այն քաղաքական ուժում կամ գործունեության այս կամ այն ուղղությունում ինչպիսի իրադարձություններ են զարգանալու: Իր անելիքների մասին պատգամավորը չցանկացավ կիսվել լրագրողների հետ. «Ես չէի ցանկանա փակագծեր բացել իմ անելիքների հետ կապված, քանի որ դրա շուրջ կզրուցենք մոտ ժամանակներս:

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված մենք ունենք քաղաքական իրադարձությունների նոր փուլ և պետք է համընթաց քայլենք, այլ ոչ թե այն մտածելկակերպով շարունակենք, որն ունեինք մինչ այժմ»: Անդրադառնալով ԲՀԿ-ից դուրս գալու մասին իր որոշմանը՝ պատգամավորը նշեց, որ ինքը բազմիցս մեկնաբանել է դա. «Ես ունեի իմ տեսակետները, ունեցել եմ տարաձայնություններ ռազմավարական, ներքաղաքական հարցերի շուրջ, չեմ ցանկացել կիսել այն գիծը, որը ԲՀԿ-ն այժմ վարում է, պետք չէ փնտրել ինտրիգներ: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհն»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Վահան Բաբայանը վերաբերվում իր նախկին կուսակից Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, որին ի պատասխան Բաբայանն ասաց. «Ես կարծում եմ, որ քաղաքական սերիալն ավելի մոտ կլինի այդ ամենին, որովհետեւ ինչ-որ իրադարձություններ կետ առ կետ ընթանալու են եւ հետաքրքրություններ են առաջացնելու:

Վարդան Օսկանյանի իրավունքն է կուսակցություն ստեղծել կամ չստեղծելը: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր նոր քաղաքական գործիչների կարիքն ավելի շատ կա»,-ասաց Վահան Բաբայանը : Մյուս հարցին, թե ինքը ապագայում հնարավո՞ր է ինչ-որ քաղաքական սերիալում գլխավոր կամ էպիզոդիկ դեր տանի, Բաբայանը պատասխանեց. «Վստահ եղեք, որ ես ոչ շոուներին, ոչ էլ սերիալներին մասնակցելու ցանկություն չունեմ: Դրա համար էլ ես այսօր անկուսակցական եմ: Այսօր առաջիկա քայլերիս մասին կխուսափեմ խոսել, քանի որ դեռ հստակ որոշում չունեմ»:

Ընտրական Օրենսգրքի նախագծին շուրջ ընթացող քննարկման մասին էլ պատգամավորն ասաց, որ ԸՕ-ն լինելու է մեր երկրի կարևորագույն օրենքներից մեկը, դա իշխանության ձևավորման համար ժողովրդի կողմից արվող հիմնական քայլն է. «Կարծում եմ՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը պետք է ակտիվ մասնակցեն, առաջարկներ ներկայացնեն:

Մտավախություններ կան, որ յուրաքանչյուր կետի փոփոխություն կարող է դրական կամ բացասական լինել, բայց անձամբ իմ համար կարևոր է, որ երկրում հաստատվելու է համամասնական ընտրակարգ, որ կուսակցությունները կայանան և իրականում քաղաքական պրոցեսներ իրականացնեն:

Ինչ վերաբերում է ընդհանուր դժոգոհություններին՝ այնպիսի տպավորություն ունեմ, որ ցանկանում են վերադառնան հին հունական ընտրական պրոցեսներին՝ սև ու սպիտակ քարերով ընտրեն: Ամեն դեպքում, ինչ օրենք էլ ընդունվի, կլինեն մարդիկ, որ կասեն՝ սա լավ չի, սա պետք է փոխել»,-եզրափակեց արդեն անկուսակցական ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Նույն շարքից