Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Նոր մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից

analitik.am

Պոլսահայ անվանի գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակներում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել:

«էրմենիհաբեր»-ը գրում է, որ  «Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝  Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրահանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: 2006թ. հոկտեմբեր 12-ով թվագրված նշյալ գրությունում մասնավորապես ասված էր.

«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից 2006թ. հոկտեմբերի 11-ին նահանգապետարանին է ուղղվել մի գրություն, որով պահանջվում է ապահովել Թուրքիայի հայ համայնքի բոլոր դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և մնացած բոլոր  կառույցների անվտանգությունը՝ հաշվի առնելով առկա բավական լարված սոցիալ -քաղաքական իրադրությունը:

Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց  «այսպես կոչված»  Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք՝  խնդրում եմ վերանայել և խստացնել ավելի վաղ սահմանված անվտանգության միջոցառումները հայ քաղաքացիներին պատկանող բոլոր այն վայրերում, որոնց անունները և հասցեները նշված են կից ցուցակում, զգուշացնել բոլոր պատասխանատուներին, որպեսզի աչալուրջ լինեն, բոլոր զարգացումների մասին տեղեկացնել անվտանգության տարածքային վարչությանը և բացառել բոլոր հնարավոր խնդիրների առաջացում», - ասված է թուրք պաշտոնյայի գրության մեջ:

Գրությունն ուղարկվել է Ստամբուլի հետախուզական վարչություն, ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, նահանգապետարան և Ստամբուլի  բոլոր շրջանային անվտանգության միավորներին:

Ըստ աղբյուրի, նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը:
Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ:

Այս առթիվ կազմված նոր մեղադրականի հիման վրա ապրիլի 19-ին դատարանի առջև կկանգնեն  հետախուզական բաժնի պետ Էնգին Դինչը, ժամանակի Տրապիզոնի մարզային անվտանգության պետ Ռեշաթ Ալթայը, ժամանակի Ստամբուլի հետախուզական բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերը՝ կանխամտածված հանցագործության անտեսման հետևանքով իրականցման մեղադրանքով, և ժամանակի Ստամբուլի մարզային անվտանգության պետ Ջելալէթթին Ջերահն ու  Ստամբուլի անվտանգության բաժնի պետ Սաբրի Ուզունը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Նույն շարքից