Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

ԼՂՀ հակամարտության կարգավորումը առաջնային չէ ՌԴ-ի և ԱՄՆ-ի համար. Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Ամերիկյան հետախուզա-վերլուծական Stratfor ընկերությունը կարծիքով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կարող է չերկարաձգվել: Բանն այն է, որ օրինակ Իտալիան և Հունգարիան հայտնել են, որ չեն երաշխավորում պատժամիջոցների երկարացումը: Իսկ ինչով են պայմանավորված տրամադրության փոփոխությունները Եվրամիությունում և հնարավոր է արդյոք, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև արդեն ինչ-որ պայմանավորվածություն կա  Սիրիայի և պատժամիջոցների  հարցում:

Analitik.am-ի հետ  զրույցում   «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ  ոչ կարող է բացառել, ոչ էլ հաստատել, առավել ևս, որ Ռուսասատանի դուրս գալը Սիրիայից բավականին տարօրինակ կերպով տեղի ունեցավ.

-ԱՄՆ-ը և Ռուսաստանը Մյունխենում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հետ կապված, ինչը լուրջ ձեռքբերում էր, իհարկե բացառել չենք կարող, ինչ-որ տեղաշարժեր կլինեն: Բայց մենք տեսանք, որ մարտի 18-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ Ռուսասատանի դեմ պատժամիջոցները կապված են Ղրիմի բռնակցման հետ, հետևաբար դրանք գոյություն են ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վերանայել իր քայլը: Սակայն, եթե  ԵՄ-ն և Միացյալ Նահանգները հասկանան, որ պատժամիջոցները չեղյալ համարելով ավելի կարևոր խնդիր են լուծում, հնարավոր է գնան այդ քայլին:

Օրերս Stratfor - ը գրել է այդ մասին, որ Եվրոպայում արդեն նման նշաներ կան, խոսքը հիմնականում վերաբերում է Իտալիային և Հունգարիային: Այդ երկրների իշխանությունների վարած քաղաքականությունը տարբերվում է եվրոպական մյուս երկրների կողմից վարվող: Բանն այն է, որ այս երկրները չեն էլ թաքցրել, որ դժգոհ են, իսկ  Հունգարիան հասկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել պատժամիջոցները: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա  այս երկրի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ պետք չէ Ռուսաստանին դեմոնիզացնել: Ստացվում է, որ Եվրոպայում կան շրջանակներ, որոնք հոգնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, քանի որ վնասներ են կրում:

Այս մասիվ ձեռքերը ծալած չի նստում նաև Ռուսաստանը՝ փորձելով Եվրոպայում իր համար բարենպաստ բևեռը ձևավորվել:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել, քանի որ կա նաև Սիրիայի խնդիրը, կարծում եմ որոշ հստակեցումներ կլինեն ամռանը՝ Վարշավայում հրավիրված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, իսկ մինչ այդ  պատժամիջոցների վերանայման մասին խոսք լինել չի կարող:

- Ի՞նչ կասեք Սիրիայի մասին, ի՞նչ խնդիր էր լուծում Ռուսաստանն այնտեղ:

- Ռուսաստանի սիրիական գործողությունների նպատակներից մեկը եղել է ուկրաինական հարցում իր հանդեպ ձևավորված դիրքորոշումը փոխելը: Ակնհայտ է, որ Սիրիայում գոնե թե հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանը խաղացել է նույն դաշտում, ինչ Եվրոպան և Միացյալ Նահանգները: Հնարավոր է, որ սա որոշիչ լինի պատժամիջոցների վերացման հարցում, սակայն ասել, թե կա գաղտնի պայմանավորվածություն, ես չեմ կարող, որովհետև պաշտոնական հայտարարություններն առայժմ  դրա համար տեղ չեն թողնում: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ամերիկացիներն առաջարկել են Սիրիայում գործել  ըստ ազդեցության ոլորտների, իսկ Լավրովի խոսքերով ռուսական կողմը պատրաստ է անել դա: Այս մասով կարծես թե խնդիրներ չպետք է առաջանային:

-Իսկ ինչպիսի՞ն են միջազգային հանրության և մամուլի արձագանքները, կարելի՞ է փաստել, որ Ռուսասատանը Սիրիայում հասավ իր նպատակների իրագործմանը:

-Մի քանի խնդիրներ այնումենայնիվ լուծվեցին: Սակայն Սիրիական խնդիրը չլուծվեց, միգուցե չի էլ եղել նման նպատակ, քանի որ պատերազմը թանկ գործողություն է և Ռուսաստանն  էլ էր հասկանում, որ երկար այնտեղ ընկղմվելն ամենևին լավ հեռանկարներ չի բացելու, անհրաժեշտություն էր լինելու ինչ-որ պահի դուրս գալ, ինչին պետք է հաջորդեր նաև հիմնավորում: Այնուամենայնիվ, ռուսները կարողացան փոխել բալանսը հոգուտ Բաշար Ասադի, որը կարողացավ հետ նվաճել ԻՊ-ից իր տարածքները:  Պատահական չէր նաև այս հարցում արևմտյան  ԶԼՄ-ների արձագանքը, որ ԻՊ-ը ֆինանսական աղբյուրների, տարածքային և այլ հարցերում 40 տոկոս կորուստներ է ունեցել: Այս առումով ներքին բալանսը փոխվել է:

Ռուսասատանը կարողացավ հարթակ ստեղծել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար: Եթե նախկինում ԱՄՆ-ը կտրականապես չէր ցանկանում Ռուսաստանին որպես դերակատար տեսնել գլոբալ խնդիրները լուծելու գործում, այսօր արդեն այդպես չէ: Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններով ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական հարցերում իր հետ պայմանավորվելը պարտադիր է:

Մոսկվան թուլացրեց  նաև Թուրքիայի դիրքերը նույն Սիրիայում և Մերձավոր Արևելքում, ինչը թուրքական օդուժի կողմից ռուսական ուղղաթիռի ոչնչացումից հետո պակաս  կարևոր հարց չէր Ռուսատանի համար:

-Իսկ ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ԼՂՀ հակամարտությունը:

 -Այս հարցում որևէ տեսանելի բան չկա: Իհարկե, Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս պահին չեն ցանկանում միմյանց կորցնել Մինսկի խմբում, սակայն  թույլ  էլ չեն տա, որ որևէ մեկն իրենցից դոմինանտ դերակատարություն ունենա: Կարծում եմ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորումը առաջնային չէ  նրանց համար, բացի դրանից, նրանցից ոչ մեկը չի կարող միայնակ անել դա, հետևաբար  ցանկալի արդյունքի հասնելու, ինչպես նաև իրար վրա լծակներ կիրառելու համար պետք է պահպանել ՄԽ-ն, քանի որ Մոսկվան ու Վաշինգտոնն արդեն իրար կորցրել են շատ այլ հարթակներում:

Նույն շարքից