Գլխավոր Հասարակություն Մամուլի ակումբ 

ՀՀ 56 համայնքներում այսօր գործում է 176 մանկապատանեկան մարզադպրոց. Վաղինակ Գալստյան

analitik.am

«Հայաստանի Հանրապետության 56 համայնքներում այսօր գործում է 176 մանկապատանեկան մարզադպրոց, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ»,- «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը:

Նա մասնավորապես նշեց, որ օրինակ այդ դպրոցների 33-ը գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, 7-ը՝ մարզպետարանների, 75-ը՝ համայնքների և այլն. «Ասեմ, որ գործող մարզադպրոցներում մարզվում է մոտ 41 հազար մանուկ և պատանի, սա այն դեպքում, որ անցած տարի այս թիվը կազմել է մոտ 40 հազար, այն է դպրոցահասակ երեխաների մոտ 11 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նույն վարչության բաժնի պետ Գոհար Թադևոսյանն անդրադարձավ բացվող և փակվող մարզադպրոցների վիճակագրություն՝ նշելով, թե ամեն տարի իրենք ոչ պաշտոնական թվեր են ստանում բոլոր մարզերից և որպես օրինակ նշեց, որ 2015 թվականին համայնքներում 3 մարզադպրոց փակվել է, իսկ Երևանում և Լոռիում Շախմատի դպրոցներ են բացվել:

Իսկ թե ինչ է արվում մարզադպրոցներում երեխաների թիվն ավելացնելու համար, Տիկին Թադևոսյանն ասաց, որ կոնկրետ միջոցառումներ չեն լինում, բայց ամեն տարի այդ դպրոցների ներկայացուցիչերը գնում են հանրակրթական դպրոցներ, ներկայացնում իրենց սպորտաձևերը և այլն. «Իմիջիայլոց նշեմ, որ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող մարզադպրոցները անվճար են»:

Լրագրողներից մեկի խնդրանքով Պարոն Գալստյանը խոսեց մարզիչ-մանկավարժների վերապատրաստման և մարզագույքի մասին. «Ուզում եմ տեղեկացնել, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամեն տարի իրականացնում է մոտ 170 մարզիչ-մանկավարժի վերապատրաստում: Նրանցից մոտ 100-ը լինում են Երևանի մարզադպրոցների ներկայացուցիչներ, մնացած՝ մարզերի:

Ինչ վերաբերում է մարզագույքին, ապա ասեմ, որ օրինակ 2015 թվականին մենք 170 միլիոն դրամի սպորտային գույք ենք տրամադրել մեր մարզադպրոցներին, իսկ այս տարի նույն նպատակի համար նախատեսել ենք 100 միլիոն դրամ: Ոլորտում առկա խնդիրների մասով ասեմ, որ մարզադրոցների այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում»: Իր հերթին մյուս բանախոս Գոհար Թադևոսյանը հավելեց, որ ոլորտի զարգացման համար պետք է կարգի բերել իրավական դաշտը, ապահովել նյութատեխնիկական բազան և ունենալ որակյալ մարզիչ-մանկավարժներ, և այս պահին բոլոր ուղղություններով էլ աշխատանքներ տարվում են:

Պատասխանելով Analitik.am-ի լրագրողի հարցին, թե ինչ է արվում հայերի համար ոչ ավանդական մարզաձևերում «Հենրիխ Մխիթարյան», «Արթուր Ալեքսանյան», «Վաղինակ Գալստյան», «Լևոն Արոնյան», «Տիգրան Մարտիրոսյան» ունենալու, ինչպես նաև մարզադպրոցներում մեր մարզիկներին որպես հերոսներ ներկայացնելու համար՝ պարոն Գալստյանն ասաց, որ որոշակի առաջընթաց արդեն կա մարմնամարզության մասով, որտեղ երկար ժամանակ հաջողություններ չկային. «Խոսեմ նաև ջրացատկի մասին, որտեղ ևս կա շարժ: Ուղղակի որոշ մարզաձևերի մասով կան խնդիրներ՝ կապված դպրոցների հնարավորությունների հետ»:

Ինչ վրաբերում է մեր մարզիկներին հերոսացնելուն և օրինակ նրանց մասին ֆիլմեր նկարահանելուն, ապա ասուլիսի հյուրն ասաց, որ անցած տարի մի գեղեցիկ միջոցառում կազմակերպվեց, որի շրջանակներում մեր անվանի մարզիկները այցելում էին հանրակրթական դպրոցներ, հանդիպում աշակերտների, ուսուցիչների հետ, ինչը արդյունք տվեց. «Իսկ ֆիլմերի մասով՝ հուսով եմ մենք շուտով նման ֆիլմեր կունենանք»:

Լրագրողցներից մեկի այն դիտարկամնը, որ Հայաստանից դուրս կան հայազգի մարզիկներ, որոնք ցանկանումեն հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, սակայն որոշակի օգնության կարիք ունեն՝ Գալստյանն ասաց, որ խանգարող բաներ չկան, եթե մարզիկը ցանկանում է հանդես գալ մեր դրոշի ներքո, հարցերը լուծվում են, իսկ նման օրինակներ կան. «Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական և բնակության հարցերին, ապա մեկ օրինակ ասեմ ընդամենը՝ Դավթաշենում կառուցվում է Օլիմպիական կենտրոն, որը պետք է լուծի այդ հարցերը»:

Նույն շարքից