Հասարակություն 

Գյումրիում խուզարկություններ է կատարվել թվով 16 հասցեներում և ավտոտնակներում

analitik.am

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարտի 31-ին խուզարկություններ են կատարվել թվով 16 հասցեներում եւ ավտոտնակներում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Խուզարկությունները կատարվել են հափշտակության դեպքի առթիվ հարուցված և Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ստացված դատարանի որոշումների համաձայն:  Կատարված խուզարկության արդյունքում Շահումյան փողոցի տներից մեկում  հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող հրազեն:

Գլխավոր դատախազությունը հաստատեց այն տեղեկությունը, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 236-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության շրջանակներում ձերբակալվել է նշված հասցեի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Խոջոյանը, որը, Գյումրիի շուկայի սեփականտերերից է, առավել հայտնի է Շարամ անվամբ: Նրա տանը հայտնաբերվել է «Նագան» մոդելի 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակը: 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ Ռուդիկ Խոջոյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից