Քաղաքականություն 

Դիմում ՀՀ ԱԺ-ին` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

analitik.am

Ստեփանակերտի  Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանը  դիմում է ՀՀ   Ազգային ժողովին՝ կոչ անելով ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ներկայացնելով հետևալ հիմնավորումները.

ա) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և որպես ինքնիշխան պետության հռչակման գործընթացն իրավական տեսակետից հիմնավորված է և միջազգային իրավունքի դիտակետից շահարկելի չէ:

բ) Անկախության հռչակման պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է ժողովրդավարական պետության կերտման ուղին. Լեռնային Ղարաբաղի պետականաշինության գործընթացին հետևող օտարերկրյա դիտորդական առաքելությունները բազմիցս հաստատել են այս իրողությունը:

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և դրանով ենթադրվող իրավունքներն ու պարտականությունները թույլ կտան նրան հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:

դ) Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում առկա փաստացի հարաբերությունների իրավաբանական ամրագրման և նոր մակարդակի վերաճման հնարավորություն է:

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական հարթակում հնարավորություն կտա հստակեցնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր ուղիներ: Հատկանշական է, որ այս գործընթացը ցայսօր խաթարված է. 1994 թ. մայիսյան զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանն առաջնորդվում է բանակցությունները փակուղի տանելու և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին բանակցությունների սեղանից օտարելու գործելակերպով և տրամաբանությամբ:

«Հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ որոշումները կայացվել են Ստեփանակերտ-Բաքու անմիջական բանակցությունների արդյունքում՝ գիտխորհրդի անդամները  վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի կարող խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին, հնարավորություն կտա այդ գործընթացին վերագտնել իր ամբողջական ձևաչափը: 2016թ. ապրիլի 1-5-ը Արցախի սահմաններին ծավալված ռազմական լարվածության նոր մակարդակը պարտադրում է կիրառել նոր լծակներ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նոր լծակների շարքում դիտվում է կոչի առարկան՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- ասված է Ստեպանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտխորհրդի` ՀՀ ԱԺ-ին ուղղված կոչում:

 

Նույն շարքից