Հայաստան Հասարակություն Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Մենք այսօր միայնակ ենք. Խոսրով Հարությունյան

analitik.am

«Ես գիտեմ, որ մեր ՀՀ արտգործնախարարն այս օրերին գտնվում էր Մոսկվայում և մասնակցում էր ԱՊՀ արտգործնախարարների գագաթաժողովին, որտեղ հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ մինչ այդ եղել են շփումների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,-այսօր՝ ապրիլի 12-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է լռում մեր արտգործնախարարությունը և մասնավորապես արտգործնախարարը, եթե հաշվի առնենք այն, որ նույնիսկ որոշ պաշտոնյաների մամուլի խոսնակներ են խոսում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելիության մասին:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ մենք շատ հաճախ մեղադրում ենք մյուսներին և չենք փորձում մեր սխալները հասկանալ, ապա պատգամավորի խոսքերով, ժամանակն է մեր սխալները վերլուծել. «Այն թեզը, որ մենք մենակ ենք, այսօր համապատասխանում է իրականությանը: Մենք հույսներս պետք է մեր վրա դնենք և հասկանանք, թե ինչպես պետք է առաջ գնանք: Ակնհայտ է, որ տնտեսության ոլորտում նվաճումներ գրանցելու անհրաժեշտություն կա: Մենք չենք կարող վարկ վերցնելով զենք գնել: Ցավոք ռազմական գործողությունները լուրջ ազդում են դրսից ներդրումներ բերելու գործի վրա: Բայց մենք ունենք բազմամիլիոն սփյուռք, որն ունի հզոր ներուժ: Հայաստանը պետք է տնտեսական վերելք ունենա, ինչը ռազմավարական նշանակություն ունեցող հարց է»:

Հարությունյանի խոսքերով, այսօր մենք երկու խնդիր ունենք լուծելու ՝ տեխնոլոգիական ճեղքում ապահովել և դրա հիման վրա տնտեսական ճեղքման նախադրյալներ ստեղծել:
Պատգամավորը նաև խոսեց ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին ՀՀ վարչապետի մասնակցության հարցի մասին՝ նշելով, որ հայկական կողմը պետք է մասնակցի այդ նիստին և բացատրություններ պահանջի գործընկերներից. «Հիմա խռովելու ժամանակը չէ: Մեր շահերից է բխում համագործակցությունը, ուղղակի հարկավոր է այդ համագործակցությունը օգտագործել ազգային շահն առաջ տանելու համար: ԵՏՄ վարչապետերը պետք է բացատրություն տան»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ նիստը Հայաստանից տեղափոխելու պահանջ ներկայացնելը ոչ թե Հայաստանին անտեսել է նշանակում, այլ վարկաբեկում է ԵՏՄ կոնցեպտը:

Նույն շարքից